00:00:00

Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան

Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՀՀ-ին փոխանցված 5 առաջարկությունները։ Դրանք են՝

•             ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

•             պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

•             զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց,ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,

•             սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում

•             տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր