00:00:00

Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան

16:26, 21 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ կա համընդհանուր ընկալում, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում ճանապարհները գործելու են այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Անդրադառնալով կոմունիկացիաներին, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին՝ Միրզոյանն ասաց, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ հիշեցնելով ապաշրջափակման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի մասին:Նա հիշեցրեց, որ 2021-ի հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի միջև ստորագրվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու մասին հայտարարությունը: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթախմբեր:

«Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը:

Այնուհետև ԱԳ նախարարը հավելեց. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով, որ անցնում են»,-ասաց Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր