00:00:00

Ամբողջ Արցախն արդեն ապահովված է գազով. պատգամավոր

12:43, 20 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ամբողջ Արցախն արդեն ապահովված է գազով, իսկ եթե նույնիսկ տեղեր կան, որ խնդիրներ ունեն, դրանք տեխնիկական են, կլուծվեն։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքերով՝ երկար ժամանակ գազից զրկված արցախցիներին կառավարությունը որևէ աջակցություն չի տրամադրել։ «Միգուցե կառավարությունից փորձեք ճշտել, որովհետեւ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել։ Չեմ կարող ասել՝ դա ուղղակի ցուցադրակա՞ն հավաք էր, թե՞ ինչ-որ գործնական քայլեր են սպասվում», - եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Թեմայի շուրջ խոսելու համար 24News-ը փորձեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, ում հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը զանգն անջատեց։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի առավոտյան 09։47-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ այդ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Արցախի ՏԿԵ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն, ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։ Գազատարի վնասված հատվածը Շուշիի այն մասում էր, որն ադրբեջանական վերահսկողության տակ է՝ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում։ Մինչ օրս բանակցություններ էին ընթանում վերանորոգման աշխատանքներ սկսելու համար։

Մարտի 16-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները։ Մարտի 18-ին ԱՏՇ-ն տեղեկացրել էր, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր