Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտի 18-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային:
«Շնորհավորել եմ հյուրին նշանակվելու կապակցությամբ: Կարեւորել եւ բարձր եմ գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերը ` մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը:
Քննարկել ենք նաեւ կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը: Դատապարտել եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների` Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված Շուշիում կայանալիք միջոցառմանը մասնակցությունը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիայի եւ հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետեւանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
Լիլա Փիթրս Յահիան կարեւորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության կարեւորությանը:
Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Պատրաստակամություն ենք հայտնել մեր իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը»: