00:00:00

Թաղավարդցիները գրավոր նամակով դիմել են խաղաղապահներին. արդեն 10 օր է՝ ադրբեջանցի զինծառայողներն ամբողջությամբ խաթարել են թաղավարդցիների բնականոն կյանքը

21:02, 19 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Թաղավարդ գյուղի բնակիչները գրավոր նամակով դիմել են ռուս խաղաղապահներին՝ իրազեկելով, որ ադրբեջանցի զինծառայողները մուղամով ու գյուղը լքելու պահանջներով ամբողջությամբ խաթարել են թաղավարդցիների բնականոն կյանքը։

«Արդեն 10 օր է՝ ամեն առավոտ ժամը 6-ից մուղամ են միացնում, որին էլ հետևում են գյուղը լքելու կոչերը։ Օրվա ընթացքում պարբերաբար միացնում են այդ նույն ձայնագրությունները, ադրբեջաներեն երգերը։ Բնակչության մոտ խուճապ չկա, ճիշտ է, բայց դրա հետևանքով գյուղում շատ տհաճ ու ծանր մթնոլորտ է ստեղծվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ռուսական խաղաղապահ ուժերը Թաղավարդում հատուկ ադրբեջանցիների համար հնչեցրել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները՝ կոչ անելով կատարել ստանձնած պարտավորությունները։ Ըստ էության, ադրբեջանական կողմը լրիվությամբ անտեսել է նաև խաղաղապահների պահանջը։

Գյուղի բնականոն կյանքն ամեն օր խաթարող ադրբեջանական կողմի գործողությունները զսպելու խնդրանքով Թաղավարդի բնակչությունը գրավոր դիմել է ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությանը։

Հայրենի տներում ապրող թաղավարդցիների ՝ այդ թվում երեխաների, կանանց մոտ վախի զգացողություն առաջացնելու, մշտապես լարված պահելու համար Ադրբեջանը գործի է դրել բոլոր անթույլատրելի մեթոդները։

Թաղավարդի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով ևս Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ բռնազավթի գյուղի մյուս մասը նույնպես, սակայն տեղի բնակչությունը մտադիր չէ հեռանալ իր հայրենի բնօրրանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր