Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանը և Լուսինե Ղարախանյանը նախօրեին հանդիպում ունեցան Ֆրանսիայի հայկական թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր Վրդ. Խաչատրյանի հետ: Այդ առթիվ Ա. Սիմոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Շնորհավորելով Սրբազան հորը Թեմի առաջնորդ ընտրվելու առթիվ` փոխանցեցինք ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերը՝ մաղթելով աստվածահաճո և բարեբեր ծառայություն՝ ի շահ ազգային և հոգևոր արժեքների ամրապնդման և միասնական հայրենիքի հզորացման: Սրբազան հայրը տեղեկացրեց Ֆրանսիայի հայոց թեմի գործունեության, կատարածի և անելիքների, ֆրանսահայ համայնքի ներկայի և գալիքի մասին: Զրույցի ընթացքում անդրադարձանք Արցախում առկա օրակարգային խնդիրներին, մեր առջև ծառացած մարտահրավերներին: Սրբազան հայրը քաջատեղյակ լինելով Արցախում առկա բազում մարտահրավերներին՝ քաջալերանքի և օրհնության խոսք հղեց արցախահայությանը»,-գրել է ԱՀ նախագահի խորհրդականը: