Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:
Ու մինչ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը համոզել, որ համակարգի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը աղամանների առկայությունն է, հանրությունը հիմնականում հումորով է վերաբերում քննարկումներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Ավանեսյանի ղեկավարած գերատեսչության հիմնական գործառույթը հատկապես այս ծանր իրավիճակում հանրային սննդի օբյեկտներում աղամանի առկայությունը քննարկելը չէ, որ պետք է լինի։ Ու պարզվում է հումորային «ֆլեշմոբին» որոշել է միանալ նաև հենց Անահիտ Ավանեսյանի տեղակալը՝ Լենա Նանուշյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը տիկ-տոկից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։
Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկ-տոկյան տեսանյութը, ոչ միայն որակում է ամենադիպուկը, այլև այդ կերպ ըստ էության միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։
Ինչև ներկայացնում ենք փոխնախարարին այդքան զվարճանք պատճառած և իր գնահատմամբ ամենադիպուկ տեսանյութը։