Ադրբեջանը բանակցությունները սկսելու համար ներկայացրել է իր համար ընդունելի առաջարկները, պարզ է, որ Հայաստանն էլ իր առաջարկներն է ներկայացնելու, շատ տարօրինակ կլիներ, եթե գնայինք բանակցությունների՝ առանց առաջարկի և քննարկեինք իրենց առաջարկները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը.
«Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, Մինսկի խմբի համանախագահության կողմից Արցախի խնդրի կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքից մեկն արդեն խախտվել է՝ ուժի չկիրառման սկզբունքը, չի կարելի թույլ տալ, որ մյուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը նույնպես խախտվի, սա է հարցը», - ասել է Եղոյանը:
Ըստ պատգամավորի՝ Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն ունենում են առանձին խոսակցություն։
«Ես համոզված եմ, որ Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ունենում են առանձին խոսակցություն համաշխարհային ռազմավարական բալանսի կոնտեքստում», - ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ Արցախի շուրջ բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում։
Հարցին՝ եթե Ադրբեջանը բանակցությունների սեղանին նստի այն օրակարգով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ո՞րն էլ լինելու հայկական կողմի դիրոքորոշումը, Եղոյանը նշեց․
«Ըստ Ձեզ՝ դրան ի՞նչ պետք է հետևի, դուռը շրխկացնենք, դուրս գա՞նք սենյակից, մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած 3 հիմնական սկզբուքնների շրջանակում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: