00:00:00

Վանաձորի ավագանու անդամն անօրինական է համարում համայնքապետի ԺՊ–ը նշանակելը, իսկ իշխանությունը չի բացառում օրենք փոխել

13:45, 18 մարտ 2022 Քաղաքականություն

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամների նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը, ինչպես եւ ենթադրվում էր, այսօր չի կայացել։

Նիստին, որը նախատեսված էր ժամը 11։00–ին, ներկայացել են «Մամիկոն Ասլանյան» եւ «Հայրենիք» խմբակցության անդամները, մյուս երեք ուժերից ոչ ոք չի ներկայացել։

«Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը խախտել է Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, որը սահմանում է, որ ավագանու անդամների նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ։ Սակայն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարի երեկվա պատասխանից պարզ էր՝ նիստին չեն ներկայանալու եւ այն տեղի չի ունենալու։ Աշխատակազմն անգամ փակ էր պահել ավագանու նիստերի դահլիճի դուռը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Բադյանը։

Շրջանառվող լուրերի համաձայն, ըստ ավագանու անդամի՝ հնարավոր է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվի։

«Բայց դրա հիմքը բացակայում է, գործող ավագանու օրոք հնարավոր չէ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել։ Իշխանությունները այս կամ այն ճանապարհով արգելում են համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրել։ Երեւի հույս ունեն, որ ավագանին կլուծարեն եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն։ Եթե մարդը մեկ–երկու անգամ ոտնահարում է օրենքը եւ չի պատժվում, բնականաբար սա էլ հեռու չէ նրանից։  Վանաձորն այս վիճակին հասցնողներից սպասելի է նման բան»,– ասաց ավագանու անդամ Գոռ Բադյանը։ 

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունը մարտի 16–ին  տեղեկացրել էր, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, մարտի 18-ին, ժամը՝ 11։00-ին նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշման նախագիծն է։

Սակայն, համայնքապետարան ուղարկված գրությանն ի պատասխան աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որեւէ գործողությունից՝ ներկայացնելով դրա պատճառները։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում չհերքեց, որ քննարկվում է Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու տարբերակը։

«Իմ ունեցած տեղեկությունով ուսումնասիրվում է գործող օրենքով կամ եթե օրենքը թույլ չի տալիս, օրենսդրական փոփոխությամբ անել այնպես, որ հնարավոր լինի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Այդ կերպ քաղաքը չի տուժի եւ Վանաձորում պլանավորված աշխատանքները կյանքի կկոչվեն, կլուծվեն  քաղաքացիների սպասարկման, գնումների, աղբահանության եւ այլ խնդիրները։ Իսկ երբ համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրելու արգելքը հանվի, ավագանին համայնքապետ կընտրի։ Վստահեցնում եմ՝ ինչ էլ արվի օրենքի սահմանում է արվելու»,–  ասաց Լոռու մարզպետը։

Թե ով է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ իշխանության հավակնորդը, մարզպետն ասաց՝ «այս պահին նման հարց քննարկվում»։

Հիշեցնենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր