Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բացվելու է «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը», որի պաշտոնական բացմանը մասնակցելու է, այլ խոսքով՝ կարմիր ժապավենը կտրելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թեև կենտրոնի բացումը նախատեսված է ժամը 16։00-ին, սակայն համալսարանի ողջ աշխատակազմին՝ աշխատանքից, այդ թվում՝ ուսանողներին՝ դասերից, մի քանի ժամ շուտ հրահանգվել է լքել համալսարանի տարածքը։ Անձնակազմը և ուսանողները ստիպված ընդհատել են դասերը, աշխատանքը և դուրս եկել համալսարանից։
Ի դեպ, համալսարանի շրջակայքում՝ ոստիկանների կողմից «տարածքի մաքրման» արդյունքում, ժամը 13:30-14:00-ի հատվածում արդեն Կորյուն, Աբովյան փողոցների խաչմերուկներում խցանումներ էին առաջացել:

Հիշեցնենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը 2019թ. հաղթող էր ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որի համար հատկացվել էր ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ««Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝ բարձրացնելով դրանց որակը»,- ասել էր ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: