Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշել է, որ արձանը պետք է լինի խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ՝ Հիսուսի ապրած տարիների չափ: Պատվանդանով արձանի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ նույնիսկ եռակի ավելի լինել։
Գաղափարը՝ իրականություն դարձնելու Ծառուկյանի հայտարարությունը թղթին չմնաց։ Ձևավորվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբ, որում ներգրաված են անվանի ճարտարապետներ։ Ամենօրյա աշխատանք, խորհրդակցություններ, քննարկվում են առանձին դետալներ, աշխատանքների ամբողջ ընթացքին, ամենայն խստությամբ ու պատասխանատվությամբ հետևում է անձամբ Գագիկ Ծառուկյանը։ Աստվածահաճո այս գործը գրեթե կյանք է ստանում։
Առաջիկա օրերին մրցութային հանձնախումբը կամփոփի առաջին փուլի արդյունքները և հաջորդ քայլերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի:
Աշխատանքների վերաբերյալ նեղ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար նամակներ են ուղարկվել նաև պետական և ոչ պետական մասնագիտական կառույցներին: Հանձնախումբը գերհագեցած գրաֆիկով է աշխատում, տեսակապով լսում ու քննարկում է Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների ներկայացրած նախագծերը: Գագիկ Ծառուկյանը կարևորում է յուրաքանչյուր մասնագիտական կարծիք։ ԲՀԿ ղեկավարի անմիջական ու ամենօրյա ուշադրության կենտրոնում է Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախագծային աշխատանքները։
«Իմ նպատակն է, որ բարձունքում Քրիստոսի արձանը ճանապարհ ու լույս ցույց տա…»,-ավելի վաղ գրել էր Գագիկ Ծառուկյանը։
Irakanum.am