Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գոհ են աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերում գրանցած արդյունքներից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը գոհացուցիչ է համարում այս փուլի արդյունքները:
«Գավաթի այս փուլերը շատ հաջող դասավորվեցին: Երկու մրցմանն էլ ես առաջին տեղում էի և վարժությունս կարծես անթերի կատարեցի: Իհարկե, աշխատանք դեռ ունեմ կատարելու, բայց ինձ համար առավել կարևոր է, որ հաղթեցինք: Ինձ համար սպասելի էր նման արդյունքը, քանի որ միջազգային ֆեդերացիան փոխել է կանոնադրությունը»,-ասաց Դավթյանը:
Հավաքականի ամենաավագ ներկայացուցիչ 38-ամյա Հարություն Մերդինյանը համարում է, որ Դոհայի գավաթի փուլը հաջող էր. «Մրցումներն ինձ համար հաջող դասավորվեցին: Իմ առաջ դրված առաջադրանքը, որը ստացել էի մարզիչներից, կատարեցի: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Ինձ համար առաջնային է, որ կարողանամ կատարել առաջադրանքս այնպես, ինչպես կարող եմ: Առավել ուրախ եմ տղաների համար, որ բարելավում են արդյունքները գավաթի խաղարկությունում»,-առանձնացրեց նա:
Ընտրանու անդամ Արթուր Ավետիսյանի կարծիքով՝ Գերմանիայի գավաթի փուլում ինքը սխալ թույլ տվեց իր վարժության ժամանակ, ինչն ազդեց արդյունքի վրա, սակայն առավել հաջող էր Դոհայի աշխարհի գավաթի փուլը:
Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճեl է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:
Հաջորդիվ թիմը մարտի 15-21 կմասնակցի Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի: