Մենք բողոքում ենք ոչ ժողովրդի կողմից ընտրված Փարաքար համայնքի ղեկավարի դեմ, բնակչության 60%-ից ավելին դեմ է իրեն։ Պատրաստվում ենք գնալ նաև Արմավիրի մարզպետարան և պայքարել անօրինականության դեմ, ամեն քայլի գնալու ենք՝ մինչև կառավարությունում մեր ձայնը լսելի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանի ընտրության դեմ բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։
«Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված և չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը։ Որտե՞ղ է գրված, որ երկու հոգով պետք է կառավարեն համայնքը, եթե այդպես է, 21 ավագանի է, բերենք օրը մեկին տանք, թող կառավարեն։ Սա է արդարությո՞ւնը, այս ժողովուրդն իրեն ընտրեց, դարձավ վարչապետ, որ ժողովրդի արդարությունը ոտքի տակ տա՞, ի վերջո այս չորս տարվա ընթացքում արդարությունը պե՞տք է երևա, թե ոչ։ Բոլորս 3 մլն վարչապետ էինք, ոչ մեկին բանի տեղ չեն դնում հիմա, մեր ձայնը չեն ուզում լսեն»,–ասաց նա։
Բնակիչներից մեկը նշեց, որ բողոքի ակցիային եկել է որդու հետ ու հարկ եղած դեպքում մինչև վերջ կմնան փողոցում։
«Բա ասում էիք՝ եկել ենք էժանացնենք, Նիկոլ Փաշինյան, արի հլը նայի, տես ինչ է կատարվում: Ասում են՝ շատ երեխաներ ունեցեք, ես 3 երեխաների հայր եմ, ի՞նչ աշխատավարձ են տալիս: 150 հազար դրամ եմ ստանում, ամսական մենակ 21 հազար մանկապարտեզի վարձն է, բա էդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում: Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք: Ինչ լինում է, ասում են՝ նախկիններ, նախկիններ»,-ասաց նա: