Փետրվարի լույս 24-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ստուգման նպատակով մոտեցել են մի տղամարդու։ Նա նկատելով ոստիկաններին՝ փախել է։ Պարեկները հետապնդել են։
Ոստիկանությունից հայտնում են, որ այդ ընթացքում նա դանակով փորձել էր խփել ոստիկաններին, նաև հնչեցրել էր սպառնալիքներ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ, վնասազերծել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բաժնում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա մի տղամարդ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ, պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, իսկ պայուսակի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը կիսով չափ լցված էր թափանցիկ հեղուկով։ Ըստ բերման ենթարկվածի՝ մեթադոն թմրամիջոց է:
Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: