Երկու տարվա ընթացքում կորոնավիրուսը Հայաստանում խլել է 8478 քաղաքացու կյանք։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1612 է:
Երկու տարի առաջ այս օրը՝ մեր երկրում արձանագրվեց Քովիդ 19-ի առաջին դեպքը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 2020 մարտի մեկին մանրամասն ներկայացրեց արձանագրված դեպքը։
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին», - փոխանցել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել»։
Հետո Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում բուժման ուղարկելու կառավարության քայլերը, կորոնավիրուսը «ում շունն է» ձևակերպումն ու «արաղով ու պինցետով» բուժելու կառավարական խորհուրդներն ու այդ ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակ կրել- չկրելու վերաբերյալ հակասական հայտարարությունները որեւէ կերպ չէին ազդում վիրուսի կանխմանը, հակառակը հազարավոր մահերի պատճառ դառնում։ Այդ ընթացքում ամեն ամիս ձգվող արտակարգ դրություններ, հակահամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ շատ ժամանակ ընդունվող անիմաստ որոշումներ։ Եկավ մի պահ ու հայտարարվեց կորոնավիրուսը դառնալու է մեր կյանքի մի մասնիկը, կամ ինչպես այդ ժամանակ պարետ աշխատող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր ասում պետք է ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
Հայաստանի քաղաքական ու առողջապահական ոլորտի պատասխանատուների անպատասխանատու քայլերն ու հայտարարությունները դարձան հազարավոր մարդկանց մահվան պատճառ։
Երկու տարվա ընթացքում կորոնավիուսային հիվանդության շուրջ կես միլիոն դեպք է արձանագրվել երկրում։ Առողջապահության նախարարության այսօրվա տվյալների համաձայն Հայստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2898664 թեստավորում:
Հ․Գ․ Միայն Հայաստանի վարչապետը երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց ի տարբերություն ՀՀ շատ ու շատ քաղաքացիների Նիկոլ Փաշինյանն արագ է առողջացել։
Irakanum.am