Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել պարտությունների շղթան, որը մեզ հետապնդում է և ձևակերպենք այն օրակարգը, որով պետք է ապրենք հետագայում․ «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նշել է՝ մարդկանց անվտանգային երաշխիքներ են պետք, որոնք մեր երկրում չկան։
«ՀՀ սուվերեն տարածքում արդեն շատ երկար ժամանակ գտնվում է թշնամու զինուժը, ունենք չհստակեցված սահմաններ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, ունենք խնդիր միջազգային ատյաններում միջազգային գործընկերների հետ: Եվ այդ բոլորը լուծում է պահանջում, և մենք դա պետք է նայենք նաև գլոբալ անվտանգային միջավայրում, որն այսօր բացակայում է»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց՝ պետք է ձևավորել պրոֆեսիոնալ մարդկանց իշխանություն՝ առանց «նախկիններ-ներկաներ» կեղծ պնդումների:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ այն պնդումներին, որ հանրությունը դժգոհ է նաև խորհրդարանական ընդդիմությունից, քանի որ վերջինս չի արդարացրել սպասելիքները։
«Այդ քննադատությունը կա նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ: Եկեք փորձենք հասկանալ՝ ինչումն է պատճառը, որ նման քննադատություն գոյություն ունի: Պետք է հասկանանք, որ 8-րդ գումարման ԱԺ-ն սովորական պայմաններում ձևավորված ԱԺ չէ: Առաջին խորհրդարանն է պարտությունից հետո, կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրելուց հետո և խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան ակտիվ փողոցային պայքարից հետո: Հանրությունը, որը մոտ 8-9 ամիս գտնվում էր փողոցային պայքարում, այն ընդդիմադիր գործիչների հետ, որոնց մի մասը խորհրդարանում է, ունեին սպասելիքներ և տվել էին մանդատ ոչ թե գնալ խորհրդարան և կառուցողական աշխատանք իրականացնել գործող իշխանության հետ, այլ մեզ տրվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու, քշելու և ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը և երկիրը նորմալ ուղու բերելու»,-ասաց նա: