Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային, օդային և ծովային ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր (ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը): Այն պետք է լինի տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ բոլոր պատվաստանյութերը ընդունելի են նաև Վրաստանում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։
Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում:
Մինչև 10 տարեկան երեխաներն ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։
Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։