Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակին՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները: