Եռաբլուրում մեկնարկել է «Ազատագրում» շարժման նախաձեռնած համահայկական ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը լրագրողների հետ հայտնեց, որ համահայկական ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր, և՛ օնլայն տարբերակով։ Ստորագրահավաքը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Սփյուռքում, իսկ թե ինչու է մեկնարկը տրվել Եռաբլուրում, Հոխիկյանը պարզաբանեց, որ այսօր Անդրանիկ զորավարի ծնդդյան 157-րդ ամյակն է, բացի այդ, Եռաբլուրում մոտ 1.5 տարի առաջ արդեն սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելու համար, բայց դարձել են թուրքի հետ գործարքի զոհ։
«Մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան տարածքային և մարդկային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային դավաճանական գործարքը՝ թշնամու հետ»,- նշեց Հոխիկյանը։
Նա ասաց, որ ստորագրահավաքի համար լինելու են նաև Արցախում։ «Իսկ թե ինչու ենք այսօր ու այստեղ սկսում այս պրոցեսը, քանի որ այսօր զորավար Անդրանիկի՝ հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկի ծննդյան օրն է։ Նրա 157-ամյակի առիթն էլ օգտագործում ենք, որ այստեղից սկսենք»,- նշեց Հոխիկյանը, հավելելով, որ իրենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր անհատներին առաջարկում են միասին գնալ այս ճանապարհով, որովհետև սա իշխանափոխության պայքար չէ, սա ազատագրության պայքար է։