00:00:00

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում

15:53, 23 փետրվար 2022

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ «Ազդարար»-ում ծանուցագիր է հրապարակվել, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները։

«Նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,-նշեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել են հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 16 դիմումներ, որոնց հիման վրա դատարանի կողմից 49 անձանց պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներ են կայացվել։

Հայտնի է, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում արգելանքներ են դրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա մերձավորների, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» գույքի վրա։ Դատախազությունն ուսումնասիրում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։

Հայտնի է, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր