ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատվում է ԿՈՎԻԴ-19 համաճարակային իրավիճակի որոշակի կայունացում. հունվար ամսվա սկզբից մեկնարկած նոր կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է, ինչի մասին են վկայում «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից պարբերաբար մշտադիտարկվող ցուցանիշները:
Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 22-ից հետո, երբ արձանագրվել էր ԿՈՎԻԴ-19 առավելագույն օրական դեպքերը՝ 4388, փաստացի բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը կրճատվել է 2.1 անգամ, իսկ վարակի տարածվածության և հայտնաբերման համար կարևոր նշանակություն ունեցող կատարված թեստավորումների և դրական դեպքերի հարաբերության ցուցանիշը նվազել մինչև 13.4%, փետրվարի 22-ի 45.7%-ի փոխարեն:
Որոշակի լարվածության թուլացում է արձանագրվում նաև նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին սպասարկող «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԿՈՎԻԴ-19 բաժանմունքում, որտեղ բուժվող պացիենտների թիվը վերջին 10 օրերին կրճատվել է շուրջ 16%-ով:
Միևնույն ժամանակ, վարակը շարունակում է մնալ հանրային առողջության լուրջ մարտահրավեր՝ հանգեցնելով մարդկային կորուստների՝ հատկապես տարեցների շրջանում, հետևաբար պարզ հակահամաճարակային կանոններին հետևելը, պատվաստումներից չխուսափելը շարունակում է մնալ հիվանդության ծանր և անդառնալի դեպքերի կանխարգելման լավագույն միջոցը»: