Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շինհրապարակում աշխուժություն էր տիրում, դե բնական է՝ կամերայով մարդ էր եկել՝ մեկը ձեռքով էր անում, մյուսը կամերաից էր փախչում, երրորդը՝ ով մինչ այդ պարապ նստած էր, սկսեց տեմպով աշխատել, երևի մտածելով, որ տեսանյութ եմ նկարում: Սուրեն պապիկն էլ լուռ ծխախոտի վերջին մուխն էր անում, երբ նկատեցի նրան և փորձեցի ֆիքսել նրա խոսուն լռությունը, սակայն նա հասցրեց շրջվել մեջքով, հետո հարցրեց.
- Ինչի՞ համար ես նկարում
Հարցը շատ անսպասելի էր:
- Դե, պապիկ ջան, տարբեր ֆոտոներ եմ անում, որտեղ հնարավորինս լավ երևա հետպատերազմյան կյանքը, աշխուժությունը, շինարարարության ծավալները:
- է, մատաղ քեզ, գիտես լա՞վ կյանքից է, որ ես այսօր այստեղ բանվորություն եմ անում: Որտեղից ե՞ս, տուն տեղ ունե՞ս
Այս հարցերի շարանից հետո հասկացա՝ տեղահանված է:
- Հա պապիկ ունեմ, Ստեփանակերտից եմ:
-Իսկ ես Շուշիից եմ, անունս Սուրեն է, Բաղդասարյան Սուրեն: Ես էլ տուն տեղ ունեի, բայց այսօր 70 տարեկան հասակովս շինհարթակում բանվորություն եմ անում, որ գոնե թոռներս անտուն չմնան, որ մեծանան չասեն՝ պապս մեզ համար մի տուն չսարքեց:
Չգիտեի ինչ պատասխանեմ, նա ամեն ինչ ասել էր:
- Սուրեն պապիկ, խնդրում եմ, թող մի անգամ լուսանկարեմ քեզ և քո մասին պատմեմ:
- Լավ, բայց չեմ կարողանալու ժպտալ, պատերազմի ավարտից հետո նորմալ չեմ ծիծաղել:
Այդ ընթացքում նա հանեց հերթական ծխախոտը և ուզում էր վառել, երբ արեցի այս լուսանկարը, անգամ երկրորդ կադրի մասին մտածելու կարիք չկար:
Ըհը Սուրեն պապիկ, շատ լավ ստացվեց:
- Դե լավա, մատաղ քեզ:
Հետո, երբ մի քիչ շփվեցինք, ավելի անկեղծացանք իրար հետ, պարզվեց, որ Սուրեն պապիկը այն եզակի մարդկանցից է, ում ձեռքերով 1998թ.-ին տեղադրվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի խաչը»: