Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Ինչպես Վանաձորից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա խոսքերը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ:
Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց ամեն դեպքում հարցի վերաբերյալ պայմանավորվածությունները ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների:
«Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», – ասել է Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ:
Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը երկաթուղու վերագործարկման մասին:
«Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին», – մեկնաբանել է փոխվարչապետը: