Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ փետրվարի 17-ին խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները։
Նշվում է, որ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում տարվող գործողությունների մասին։