Շվեյցարիան կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները կվերացնի, քանի որ նվազել են այն մտավախությունները, թե «օմիկրոն» տարբերակի հետեւանքով վարակների աճը կփլուզի առողջապահական համակարգը, հայտնում է Reuters-ը։
Կառավարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից ուժի մեջ մտնող փոփոխություններից հետո սահմանափակումներից կմնա միայն հասարակական տրանսպորտում եւ բժշկական հաստատություններում դիմակ կրելու պահանջը։
Կորոնավիրուսով վարակվածների համար պարտադիր հնգօրյա մեկուսացումը նույնպես կգործի մինչեւ մարտի վերջը։
«Համաճարակային իրավիճակը շարունակում է դրական զարգացում ապրել»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։ «Բնակչության իմունիտետի բարձր մակարդակի շնորհիվ դժվար թե առողջապահական համակարգը ծանրաբեռնվի՝ չնայած վիրուսների շրջանառության շարունակական բարձր մակարդակին։ Այսպիսով… պայմաններ են ստեղծվել սոցիալական եւ տնտեսական կյանքի արագ նորմալացման համար»։
Պաշտոնատար անձինք նշում են, որ Շվեյցարիայի 8,6 միլիոնանոց բնակչության ավելի քան 90%-ը պաշտպանված է վիրուսից՝ կա՛մ հիվանդացել է COVID-19-ով, կա՛մ պատվաստվել:
Թեեւ ամեն օր վարակման տասնյակ հազարավոր նոր դեպքեր են գրանցվում, առողջապահական համակարգը լավ է աշխատում, իսկ վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությունը նվազել է։