00:00:00

«Այն մեղքերը, որոնք ունի Նիկոլը, միասին չունեն երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը». Արմեն Աշոտյան

13:28, 15 փետրվար 2022 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցում հնչեցրած այն մեղադրանքներին, որոնք կրկին ուղղված էին նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը։

Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձևաչափն է ընտրել, քանի որ բացարձակ հույս չունի, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցներն իրեն կհրավիրեն խոսելու, հետևաբար՝ լայն հանրությանը ճշմարտությունը հասանելի դարձնելու համար ընտրել է  հենց այդ ձևաչափը։
 
«Երեկ հերթական ստերի չափաբաժինն էր, մանիպուլյացիան, կեղծիքը, լկտիությունը, հետևաբար՝ եկեք միասին հասկանանք, թե ինչու է Նիկոլն ու իր թիմը շարունակաբար փորձում նույն ստերը տարբեր մոդիֆիկացիաներով ներկայացնել։ Կարծես թե ստերի լեգո ունեն և ամեն անգամ այդ լեգոյից նոր սուտ են հավաքում, սակայն այն քանդվում է, որովհետև չի դիմանում որևէ քննադատության։

Կհիշեք երևի, այդպիսին էր Նիկոլ Փաշինյանի հետկապիտուլյացիոն հոդվածը 44-օրյա պատերազմի մասին, որտեղ նա ռուսներին էր մեղադրում, այդպիսին էր նրա հիմարությունները Շուշիի մասին, որոնք տեղում չախվեցին հենց Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցի հատվածով։

Այդպիսին էր նաև Նիկոլի սուտը, որը վերաբերում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին,  և երեկ Արմեն Գրիգորյանը որոշեց, որ այդ ստերի լոգոյով մի քիչ էլ ինքը խաղա, ու գնաց ամենաստոր, ամենակեղտոտ ստերը  տարածելու հետևից։ Ինչո՞ւ է սա անում ԱԽՔ-ը, երևի թե, մասնագիտական ոչնչություն լինելուց զատ, վստահ եմ, որ բարոյական խորը խնդիրներ ունի, չար լեզուներն անգամ ասում են, որ նրա վրա Նիկոլը կոմպրոմատ ունի։ Անձնական կյանքը՝ անձնական կյանքով, բայց դրանով չպետք է վճարեն 5 հազար զոհված երեխաների ծնողները»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ եթե Արմեն Գրիգորյանը համաձայնում է ամենակեղտոտ գործառույթներն իրականացնել Նիկոլ Փաշինյանի համար, ապա «մեղքն իր վիզը, որը քաղաքական ու իրավական առումով մի օր կտրվելու է»։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր ստերը փորձում է տարբեր բարբաջող գլուխների շուրթերով նետել դաշտ մի քանի պատճառներով։ Նախ՝ Ն. Փաշինյանը փորձում է իր վրայից հետևողականորեն մաքրել վերջին պատերազմի ակնհայտ մեղքը, իր վրայից փորձում է մաքրել արյունը և քաղաքական առումով դավաճանի պիտակը։

«Նիկոլը չի համակերպվում այն մտքի հետ, որ չկա ոչ մի «ռախշա», ժավել կամ «վանիշ», որը կարող է իր վրայից այդ մեղքերը, արյան մեղքը մաքրել, անգամ այս ստերի միջոցով դա հնարավոր չէ անել։

Նիկոլը փորձում է Սերժ Սարգսյանի թողած բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերի մասին շատ երկար բանավեճերի մեջ մտնել մի պարզ պատճառով, որ կամ մենք հոգնենք, ասենք՝ դե, շուն է, հաչում է, անցնենք-գնանք։ Սակայն այդպես չի լինում, որովհետև եթե շունը հաչում է, ու բերանին չես տալիս, կարող է և կծի, այդ շան բերանին տրվելու է, և այս լայվը հենց դրա մասին է։ Այն մեղքերը, որոնք ունի Նիկոլը բանակցային գործընթացի մեջ, միասին չունեն երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Երեքին գումարես՝ Նիկոլի մեղքերի 0,1 տոկոսն այդ մարդիկ չունեն»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր