00:00:00

«Հենակետ». Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը

18:08, 14 փետրվար 2022 Լեռնային Ղարաբաղ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքական ավիաշինական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե իրենց ընկերությունը բացի Ադրբեջանում Bayraktar TB2 դրոնների և ԱԹՍ-ների շահագործումից և սպասարկումից, նախատեսում է ստեղծել ձեռնարկություն՝ զարգացնելու ԱԹՍ-ների արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաները և ընդլայնելու արհեստական բանականության կիրառման շրջանակը։

Բայրաքթարը նաև նշել է, թե Ադրբեջանի պետական կառույցները հետաքրքրված են թուրքական «Akınçı» ԱԹՍ-ներով։ «Baykar» ընկերությունը ցանկանում է այս տեխնոլոգիան զարգացնելու նախաձեռնություն իրականացնել Ադրբեջանում։

Փետրվարի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ և ընդգծել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է վերընթաց գծով։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Մուստաֆաևն այցելել է՝ Թուրքիայի զորավարժությունների կառավարման կենտրոն, որտեղ անցկացվել է «Համակարգչային աջակցությամբ՝ «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունների» նախապատրաստական փուլը։

Շաբաթվա ընթացքում Զաքիր Հասանովը և Ադրբեջանի ՊՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ադրբեջանի ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն և ծանոթացել կառուցվող շտաբի շենքին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Քարվաճառի շրջանում շահագործման է հանձնվել նոր ռազմական ենթակառուցվածք։ Քարվաճառ այցելության շրջանակում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը մասնակցել է նոր ռազմական ենթակառուցվածքի բացմանը։ Զաքիր Հասանովը և ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ստուգել են նաև Լաչինի շրջանում իրենց զորամասը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանի ՊՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերի յուրացման կասկածանքով։

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, թե անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ այդ գործընթացը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, թե Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան, բայց այդպես չպետք է լինի։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե արագացված տեմպերով շարունակվում է Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհի շինարարությունը։ 4 երթևեկության գոտի ունեցող ճանապարհի երկարությունը պետք է կազմի 45 կմ։

Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասը նշել է, թե էստոնական ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանում նախագծեր իրականացմամբ, այդ թվում՝ Արցախից գրավված տարածքների վերականգնմամբ։

Ադրբեջանում մեկնարկել է մարտ ամսվա համար Բաքու-Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսի տոմսերի վաճառքը։ Լրատվամիջոցները նկատել են, որ դեպի Շուշի փետրվար ամսվա ավտոբուսային երթուղու տոմսերն արդեն սպառվել են։ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այս տարի Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է սկսել 5 ՀԷԿ-ի շինարարություն:

Ադրբեջանական Պարտադիր բժշկական ապահովագրության ռազմավարական վերլուծության պետական գործակալության բաժնի ղեկավար Արազ Նասիրովը նշել է, որ Շուշիում արդեն գործարկվել է մոդուլային տիպի հիվանդանոց։ Նրա խոսքով՝ ներկայումս փաստաթղթային հարցեր են լուծվում՝ Ակնայում, Ջրականում (Ջաբրայիլ), Քարվաճառում, Զանգելանում (Կովսական) և Սանասարում (Ղուբաթլի) մոդուլային հիվանդանոցների կառուցման հետ կապված։

Փետրվարի 13-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ակնայի շրջան, որտեղ Ադրբեջանի նախագահը դրել է 210 մահճակալանոց շրջանային կենտրոնական հիվանդանոցի հիմքը։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Արցախից գրավված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ղարաբաղում հայկական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բաքվի ծրագրերի մասին հարցին, նշել է, թե պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ իրենց շփումներում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնության դեմ ոտնձգությունները։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրել է, թե 2021 թ-ի մարտ ամսին «Karabakh Honor» անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում մի քանի զանգվածային թաղման վայրեր են հայտնաբերվել։ Նա նաև նշել է, թե Բաքուն պատրաստվում է մինչև 2023 թ․ վերջերը ավարտին հասցնել մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կմ-ոց երկաթգծի շինարարությունը։

Տարածաշրջանային նախագծերի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում Նորվեգիայի, Քաթարի, Ադրբեջանի, Ալժիրի և այլ երկրների հետ՝ Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների ընդլայնման համար։

Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո դի Ստեֆանոն հայտարարել է, թե իրենց երկիրը պետք է նվազեցնի իր կախվածությունը ռուսական գազից, իտալական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն Ալժիրին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ որպես այլընտրանքային մատակարարներ: Նա հիշեցրել է Անդրադրիատիկ գազատարի (TAP) կարևորությունը էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից, քանի որ ադրբեջանական գազը մատակարարվում է այդ գազատարով։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք ծրագրում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա և Իրան նոր գիծ կառուցել: Նրա խոսքով՝ այդ միջանցքն իր դերը կկատարի ոչ միայն երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտի բացման, այլև էներգիայի տեսակների արտահանման և Նախիջևանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ալիևի կարծիքով՝ միջանցի գործարկման արդյունքում իրենք հնարավորություն կունենան Թուրքիայից դուրս գալ դեպի Եվրոպա։

Շաբաթվա ընթացքում Ալիևը և Էրդողանը հավանություն են «Շուշիի հռչակագրին»։  ՀՀ-ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, թե Իրանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանով և Ադրբեջանով անցնող ճանապարհներին։

Ականազերծման և գերիների մասին

Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել 8 հայ գերիների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել են գերիների փոխանցումը։

Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ Ղարաբաղի վերականգնման աշխատանքներն արագացնելու նպատակով տեղական ընկերությունները պայմանագրային հիմունքներով ներգրավվել են ականազերծման աշխատանքներին։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է, որ Ֆրանսիան առաջարկ է արել ականազերծման և ականներից տուժածներին օգնության ոլորտում համագործակցել Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) հետ։

Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլաե Պոպեսկուի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Մոլդովան ցանկություն է հայտնել աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր