00:00:00

Ադրբեջանը տենդորեն զինվում է, իսկ Հայաստանում պարգևավճարներով են զբաղված. երկրների միջև ռազմական բալանսը խախտվել է ամենավտանգավոր ձևով.փորձագետ

23:25, 10 փետրվար 2022 Հասարակություն

Ադրբեջանը պատերազմից հետո տենդորեն զինվում է, իսկ Հայաստանում մարդիկ միայն պարգևավճարներ բաժանելով են զբաղված, նստած սպասում են՝ Ռուսաստանն ի՞նչ զենք կուղարկի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը; Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ընդլայնել է իր ռազմական բյուջեն, ինչպես նաև այն երկրների քանակը, որտեղից սպառազինություն է ձեռք բերում, ընդ որում՝ պատերազմից հետո Ադրբեջանը ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, որոնցից նախկինում չի ունեցել. «Պատերազմի ընթացքում Հայաստանը կորցրել է իր սպառազինության մոտ 90%-ը, իսկ Ադրբեջանն ունեցել է ավելի քիչ կորուստներ, քանի որ հեռահար պատերազմ էր վարում՝ առանց անմիջական մարտի բռնվելով հայկական կողմի հետ: Ադրբեջանն անգամ պատերազմի օրերին է սպառազինություն ձեռք բերել, պատերազմից հետո՝ նույնպես, իսկ Հայաստանը պատերազմից հետո սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ ոչինչ չի արել », -նկատեց զրուցակիցը: Վան Համբարձումյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը վաղուց խախտվել էր, իսկ 2018թ-ի ամռանից այդ բալանսը խախտվեց ամենավտանգավոր ձևով՝ հատելով կարմիր գիծը. «Հայաստանում դա չնկատելու էին տալիս, ասում էին՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունի, որպեսզի հասարակությունը ոգևորվի, ուրախանա, բայց ակնհայտ էր , որ իրավիճակը կատաստրոֆիկ էր: Այս ամենն էլ հանգեցրեց 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությանը »,-ասաց Համբարձումյանը: Վերջինիս խոսքով՝ մինչև 2018թ-ի ամռանը Ադրբեջանը չուներ օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր, ուներ միայն մարտավարական հրթիռային համակարգեր, մինչդեռ հայկական կողմն ուներ մարտավարական հրթիռային համակարգ, ինչը զսպիչ դեր էր խաղում Ադրբեջանի համար,իսկ արդեն 2018թ-ին այդ բալանսը խախտվեց, երբ Ադրբեջանը նույնպես ձեռք բերեց համազարկային կայանքներ. «Մինչ այս կետային էր խախտված ռազմական բալանսը. 2018թ-ից արդեն կարմիր գիծը հատեց:Մինչև 2018թ-ը հայկական կողմն ուներ կետային առավելություն, դա օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգի՝ «Իսկանդերի » առկայությունն էր, իսկ 2018թ-ից արդեն Ադրբեջանը բացարձակ գերազանցող էր, պատերազմից հետո այս անջրպետն ու անդունդն ավելի խորացավ, իսկ հայկական զինված ուժերը մարտունակությունը կորցրեց»,-ասաց նա: Ընդ որում՝ փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում փոխել է իր ռազմական մարտավարությունը և անցել է առցանց պատերազմի կոնցեպցիայի, որը թույլ է տալիս ավելի էֆեկտիվ, համահունչ կառավարում իրականացնել ադրբեջանական ռազմական բոլոր ստորաբաժանումներըւմ. «Անգամ ՌԴ-ն է նոր-նոր սկսել քայլեր անել այս կոնցեպիցիային անցնելու համար, Չինաստանը չունի այս կոնցեպցիան , իսկ Ադրբեջանն արդեն սկսել է »,-ասաց նա: «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Թուրքիան մտադիր է «Բայրաքթարների» արտադրություն հիմնել նաեւ Ադրբեջանում։ Զրուցակցի հաղորդմամբ՝ Ադրբեջանը նաև իսրայելական լիցենզիայով արտադրում է տարբեր հետախուզական, հետախուզահարվածային և կամիկաձե տիպի ԱԹՍ-ներ: Ռազմական փորձագետը նաև շեշտեց, որ Ադրբեջանը հավասարապես և՛ հարձակվողական և՛ պաշտպանվողական զենքեր է ձեռք բերում. «Իրենց սպառազինության մեջ գերակշռողը հարձակվողականն է, քանի որ իրենց ստրատեգիան հարձակվողական մարտ մղելն է, բայց հավասարապես պաշտպանվողական էլ են ձեռք բերում, ոչ թե նրա համար, որ պատրաստվում են պաշտպանվել, այլ պարզ պատճառով՝ որպեսզի դու հարձակվես, պետք է ունենաս լավ պաշտպանություն, ՀՕՊ համակարգ: Դու պետք է քո օդը փակես, որպեսզի հակառակորդի վրա հարձակվես, պաշտպանողական էլ հարձակվողականի մի ճյուղն է»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր