Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ հրաժեշտի խոսք կասեմ քեզ…
Ավելի ճիշտ կլիներ այսօր բոլորիս կոչել Արթուր Գրիգորյանականներ։
Ներկաներից յուրաքանչյուրի մեջ կա նրա երաժշտության մասնիկը, նրա աշխարհընկալման մասնիկը, նրա բարության ու կամեցողության մասնիկը։
Այո, նա մասնիկ առ մասնիկ նվիրում էր իրեն, շռայլում սիրելիներին, առատորեն պարգևում հանդիսատեսին։
Նա այդպիսին էր, նա Գրիգորիչն էր…
Յուրաքանչյուր արտիստ Աստծո լույսի իր չափաբաժինն ունի։
Հատկապես բեմում ներկայացնելիս զգում ես արտիստի դեռ կուլիսներից ճառագող լույսը։
Հիմա շատ անսովոր է, խոսում եմ Արթուր Գրիգորյանի մասին, և զգում եմ թիկունքից եկող լույսի ջերմությունը, զգում եմ նրա անսահման բարի կիսաժպիտն այնտեղ, ինչ որ տեղ վերևում…
Սիրելի Արթուր․ քանի որ ներկա ես, այստեղ, քո ընկերների, քո սաների, քո երկրպագուների ներկայությամբ ուզում եմ մեր խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել քո անսահման բարի ու ապրեցնող ստեղծագործությունների համար, հազարավոր, մեկը մյուսից տաղանդավոր սաների համար, 90-ականների խառնաշփոթում հայ էստրադային արվեստին կյանք ու շունչ տալու համար,
ընկերության, բարեկամության ու ընդհանրապես մեր կյանքում քո ներկայության համար։
Ամեն տարի «Իմ նոր տարին» այլևս առանց քեզ է գալու,
«Հայ գարուններ» առանց քեզ են բացվելու, ու երևի մեր կռիվն էլ քո կյանքով տվեցինք…
Հայրենիքի կորուստը կարող էր կոտրել ինձ, մյուսին, երրորդին, տասներորդին…
Բայց դու ապրելու և կորցրածը հետ բերելու համար մեզ կյանք ու լավատեսություն, սեր ու հերոսություն պետք է նվիրեիր։
Հիմա, քանի որ դու այստեղ ես, ինչ որ տեղ վերևում,
արի պայմանավորվենք, որ սա ընդամենը քո սիրած դադարն է, այն երկար,կիսաժպիտով ողողված դադարը, որ վերցնում էիր խոսելիս։
Այն դադարը, որն ավելի խոսուն էր, քան որևէ խոսք, որովհետև քո դադարի մեջ էլ երաժշտություն կար, քո դադարի մեջ աղոթք կար ու սեր կար, ապրեցնող ու ջերմացնող տաքուկ մի նոտա կար, այն ութերորդը, որը դու էիր հորինել։
Արի պայմանավորվենք, այդ ութերորդ՝ տաքուկ ու սիրտը շոյող նոտայով կսպասենք քո դադարի ավարտին ու կուլիսներից ճառագող քո լույսի ջերմությունը զգալով կրկին կհայտարարեմ՝ բեմահարթակում է ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը»։