00:00:00

ՀՀ նոր նախագահի ընտրության կարգը և ժամկետները

00:54, 24 հունվար 2022

Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո (փետրվարի 17-27) անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր): Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր): Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Նշենք,  որ ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրն» -71 պատգամավոր, «Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր- 1։ Իշխան Զաքարյանը լքել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր