Irakanum.am-ը ներկայացնում է մի հատված՝ parliamentmonitoring.am-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցից։
-ԱՄՆ՝ Ձեր այցը չեղարկելու մասին հայտարարություն տարածեցիք, բայց կարևորում եք միջազգային հարթակներում ասելիքը տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Կար այդպիսի հնարավորություն, ինչո՞ւ չօգտվեցիք:
-Այլ կարևոր հանդիպում չկար: Մյուս կարևոր հանդիպումները որո՞նք էին, ես գնայի ԱԺ նախագահի հետ ՀՀ դեսպանությունում մի լուսանկար անեի ու ասեի՝ կարևոր հանդիպո՞ւմ ունեցա: Ինձ համար ինքնանպատակ չէր ԱՄՆ մեկնելը: Ինքնանպատակ չէր մեր ասելիքը ԱՄՆ օրենսդիր մարմնի ղեկավարի մոտ բարձրաձայնելը, ՀՀ անվտանգային հարցերի մասին խոսելը, Արցախում ադրբեջանցիների անմարդկային պահվածքի մասին խոսելը, ժողովրդավարական չափանիշներից ՀՀ ներսում շեղումն արձանագրելը: Եթե ինձ հանում են ամենակարևոր հանդիպումից, ընդ որում հանդիպմանը գնում է ԱԺ նախագահը, որ ՔՊ անդամ է, գնում է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որը շատ մոտ անցյալում եղել է ՔՊ-ի խմբակցության ղեկավարը, և ՔՊ-ի քաղխորհրդի անդամ: Այսինքն, իշխանությունը որոշում է, որ ընդդիմությունը պետք է ներկայացված չլինի ամենակարևոր հանդիպմանը Նենսի Փելոսիի հետ, բայց իրենց հետ պետք էր գնալ, որպեսզի հանրությանը և միջազգային գործընկերներին ցույց տան, որ իրենք նաև ընդդիմությա՞նն են կարևորում:
-Դուք այս թեմայով ԱԺ նախագահի հետ խոսե՞լ եք:
-Այո՛, ես զրուցել եմ ԱԺ նախագահի հետ, հայտնել եմ իմ չմեկնելու որոշման մասին: Նա ասել է, որ ամերիկյան կողմն է որոշել մարդկանց քանակը: Ֆորմատը եղել է 2+1, և իրենք որոշել են, որ այդ ֆորմատի մեջ պետք է լինեն բացառապես իշխող խմբակցության ներկայացուցիչները:
-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ալեն Սիմոնյանի հետ, նախկինում Ձեր ընկերն էր: Հիմա իրար հետ շփվո՞ւմ եք:
-Որպես խմբակցության ղեկավար, որպես ԱԺ նախագահ, իհարկե, շփում կա։ Շփվում ենք բացառապես աշխատանքային հարցերով։