Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի օրենսդիր մարմնի հայտարարությունն այսպես է մեկնաբանել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
«Բայց որպեսզի այդ հայտարարությունն ավելի ուժգին լինի, անհրաժեշտ են գործնական քայլեր։ Արցախի ԱԺ–ն պետք է շատ արագ ընդունի Ադրբեջանի կողմից իր տարածքներն օկուպացնելու մասին օրենք, կարողանա դա ներկայացնել և ՀՀ ԱԺ–ի հետ բարձրաձայնել խնդիրը` ակտիվացնելով միջպետական հանձնաժողովի աշխատանքները։ Պետք է ներկայացվի համապատասխան հայտ և ՀՀ–ն ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ ամենից հետո միայն լուրջ արդյունքը կդառնա տեսանելի»,– ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Պողոսյանի համոզմամբ` անհրաժեշտ է շարունակել պայքարը` անկախ այն հանգամանքից միջազգային հանրությունը կճանաչի Արցախի ինքնիշխանությունը, թե ոչ։ Իսկ Հայաստանն ու Արցախը պետք է շարունակեն համատեղ ծրագրեր իրականացնել, որպեսզի աշխարհում ապրող ցանկացած հայ Արցախն ընկալի նույնպիսի ապրելավայր ու աշխատավայր, ինչպիսին Հայաստանն է։
Պողոսյանը հիշեցրեց, որ մեկ ամսից ազգովի նշելու ենք Արցախյան շարժման 34-ամյակը` շեշտելով, որ թեև ԽՍՀՄ–ը 1988 թվականին ոչնչով չէր տարբերվում ավտորիտար վարչակարգեր ունեցող երկրներից, բայցևայնպես այդ գերտերության ներսում Հայաստանի ու Արցախի ժողովուրդները նախաձեռնեցին ազատագրական շարժում, հետևաբար պետք է այսօր էլ շարունակենք պայքարը։ Ըստ նրա` հայտարարությունները, ինչ խոսք, տեղին են, բայց դրաց պետք է հաջորդեն իրավական մոտեցումները։
«Հասկանում եմ, որ այսօր Հայաստանի բնակչության մեծ մասի մոտ կա Արցախի հանդեպ ապատիայի զգացում, ուստի արցախցիներն ու ԱՀ իշխանությունները պետք է կարողանան աշխատել ՀՀ հասարակության հետ էմպատիան վերականգնելու համար, հիմնախնդիրը նորից համահայկական դարձնելու համար։ Այդ ուղղությամբ պետք է աշխատեն նաև Հայաստանում` թույլ չտալով Արցախի դերակատարության նվազում։ Մոնթեի խոսքերը չեն կորցրել իրենց արդիականությունն ու ուժը, որ կորցնելով Արցախը` կշրջենք հայոց պետականության վերջին էջը»,– ասել է Պողոսյանը։
Նրա կարծիքով` եթե լինեն շարունակական գործողություններ, իրավական դաշտում արձանագրվեն փոփոխություններ, ի հայտ գան այլ օրենսդրական նախաձեռնություններ, ապա իրավիճակը կփոխվի։
Ըստ նրա` ճիշտ կլինի, եթե Արցախի ԱԺ–ն հայտարարություն անելուց բացի արցախյան շարժման հերթական տարեդարձի առթիվ Ստեփանակերտ հրավիրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Պողոսյանի համոզմամբ` մեծ աշխատանք ունեն անելու և՛ Հայաստանը, և՛
Արցախը, և՛ սփյուռքը, ու եթե անգամ ՀՀ գործող իշխանությունը չցանկանա աշխատել, կա ընդդիմությունը, կան արտախորհրդարանական ուժերը, շահագրգիռ խմբերը, որոնց համատեղ աշխատանքն անպայման կտա որոշակի արդյունք։
Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:
«ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը»,– ասված է հայտարարության մեջ։
Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով Արցախի ԱԺ–ն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար: