Վաղը երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Քննարկման օրակարգում լինելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Մենք տեղեկացանք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հրաժարվել են ստորագրել փաստաթղթի տակ։ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս մեկ օր ժամանակ է տվել։ Միաժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն իշխանությունը ցանկանում է ամեն գնով հասնել նրան, որ Հայկ Մարությանն ինքը հրաժարական ներկայացնի, հակառակ դեպքում ոչ միայն անվստահություն կհայտնեն, այլև չի բացառվում քրեական գործեր հարուցվեն։

Հավելենք, որ Irakanum.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», — հայտնել էր   ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։ Այլ մանրամասներ Կոտոլյանը չի հայտնել, նշելով, թե «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։

Մենք նաև գրել էինք, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պարագայում «Իմ քայլը» քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կընտրի, որից հետո որոշ ժամանակ անց կնշանակվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Irakanum.am