Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - «Ազատությանը» փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։ Այլ մանրամասներ Կոտոլյանը չի հայտնել, նշելով, թե «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Հայկ Մարությանը վճռական է տրամադրված և հայտնել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա։ Միաժամանակ իշխանությունը վճռական է տրամադրված և ավագանու սեփական թիմակիցներով կհասնեն քաղաքապետի անվստահությանը։ Մեր տեղեկություններով որոշ ժամանակ կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ ՔՊ-ում ունեն դիրքորոշում, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը։ Այսինքն հենց նրան կառաջադրի ավագանին և կընտրի։
Միաժամանակ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ այնուամենայնիվ հաջորդ տարի կնշանակվեն։ Այս պահին իշխանությունը դիտարկում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ինչպես հայտնի է Ավինյանը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին տեղ չգտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և կառավարության կազմում։ Իշխանության ներսում այլ մարդիկ ևս հավակնում են քաղաքապետի պաշտոնին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջնական որոշում չկա, այս պահին զերծ կմնանք այդ անունները հրապարակելուց։
Irakanum.am