Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով զոհված 18 ամյա Վահե Մանասերյանը Երևանից էր։ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասում էր ապրում։ Համեստ ու բարի, ժպտերես ու ընկերասեր։ Այսպիսին էր 18 ամյա Վահեն, այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հուշերում։

Մինչև 9-րդ դասարանը սովորել է Երևանի թիվ 132 դպրոցում, որից հետո տեղափոխվել է ավագ դպրոց։

132-րդ դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ Վահեն բավականին համեստ ու խելոք աշակերտ է եղել։ «Չափից ավելի զուսպ էր։ Այսօրվա մեր դարին չհամապատասխանող․․․ չգիտեմ անգամ ինչ բառերով նկարագրեմ, համեստության մարմնացում։ Շատ հայրենասեր, միշտ բոլոր միջոցառումներին մասնակցել է, պատրաստակամ»,- ասաց տնօրենը։ Դպրոցում և դասընկերների և ուսուցչական կազմի կողմից Վահե Մանասերյանը սիրված ու հարգված  է եղել։ Տնօրենը նշեց, որ հինգ տարի դասավանդել է նաև Վահեին պատմություն։ Ընդունակ ու խելացի, աշխատասեր աշակերտ է եղել։ «Երբեք ոչ մի անգամ տղա երեխային բնորոշ երբեք չէիր տեսնի անկարգ բաներ անելուց։ Դպրոցն ավարտելուց հետո էլ հաճախ էր գալիս, միշտ ժպիտը դեմքին, իրա կապույտ աչքերով»,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը։

Վահե Մանասերյանը Երևանում ապրում էր ծնողների հետ, ուներ երկու ավագ քույր։

Այսօր 18 –ամյա Վահեի հոգեհանգիստն է։ Ուսուցչական կազմն ու դասընկերներն էլ են գնալու։ Վիշտը ծանր է, արցունքները զսպել չի ստացվում։ Այդ սերունդին բաժին ընկավ դաժան պատերազմ։ Ամիսներ առաջ էին նույն դպրոցի հինգ շրջանավարտի հուղարկավորել։ 44 օրյա պատերազմը խլել էր երիտասարդների կյանքը։

Irakanum.am