Լրագրող, Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2021-ի նոյեմբերի 20-ից Հայաստանում մեկնարկած Ազատագրական շարժման գաղափարը շատ ավելի վաղ էր ծնվել, բայց ընկերներիս հետ փորձում էինք գտնել դրա իրականացման լավագույն ճանապարհները։
Սյունիքից մեկնարկած ավտոերթն ու նոյեմբերի 22-ին Երևանի հիմնական ճանապարհների արգելափակումն անակնկալի բերեց ոչ միայն փաշինյանական ռեժիմին, այլև բազմաթիվ քաղաքական ուժերի, Հայաստանի վրա խաղադրույք կատարած գերտերությունների ու տարածաշրջանային երկրների։ Նույն օրը երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ըստ մոտավոր հաշվարկների, եկել էր 3500-4000 մարդ, ինչը բավական մեծ թիվ է նոր մեկնարկող շարժման համար։
Դա, իհարկե, խառնում էր ներքին ու արտաքին քաղաքական ուժերի հաշվարկները։
Առաջին 3-4 օրերին Ազատագրական շարժումը թափ էր հավաքում, ինչը չէր կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական, աշխարհաքաղաքական հայրերին։ Նրանք մտածում էին, որ մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, ուստի մեր դեմ գործի դրեցին իրենց ունեցած ամբողջ զինանոցը՝ ուժային կառույցներից մինչև հակաքարոզչություն և ֆեյքերի ֆաբրիկաներ։
Մեզնից վտանգ տեսան նաև նրանք, ովքեր դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում, բայց իրականում սպասարկում են փաշինյանական ռեժիմի շահերը։
Այնինչ մենք ի սկզբանե հասկանում ենք, որ այսօր ձգտել իշխանություն վերցնելը կարող է լինել մի քանի պարագայում․
- եթե խելագար ես և չես հասկանում, թե ինչ վիճակում է Փաշինյանի ձեռքով ծնկի բերված Հայաստանը,
- եթե որոշել ես գնալ քաղաքական ինքնասպանության,
- եթե ունես հսկայական փորձ ու հմտություն՝ ոտքի կանգնեցնելու ավերակների վերածված Հայաստանը։
Ազատագրական շարժման որևէ անդամ, սակայն, չի ձգտել և չի ձգտում իր ձեռքը վերցնել իշխանություն՝ ազնվորեն հայտարարելով, որ մենք պատասխանատվություն ենք վերցնում երկու բանի համար․
1․ Այս պահին Հայաստանը ազատել Նիկոլ Փաշինյան չարիքից և նրա համակարգից,
2․ Ծառայել վաղվա Հայաստանին մասնագիտական կարողություններով՝ առանց ավելորդ ամբիցիաների։
Նոյեմբերի 20-ից մեկնարկած Ազատագրական շարժման սկզբունքներին հավատացին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ և մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ։ Մեր նախաձեռնած շարժումը տվեց պտուղներ, որոնցից ամենակարևորը, թերևս, նոյեմբերի 26-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների հանդիպմանը նախորդած փակ քննարկումն է եղել, որի ժամանակ հայկական կողմը մատնանշել է Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացն ու շեշտել, որ իրենք վախենում են հեղափոխությունից։
Հանուն անկեղծության՝ մեզ չհաջողվեց կանխել հակահայկական փաստաթղթի ստորագրումը, բայց հաջողվեց հասնել նրան, որ պայմանագրի փոխարեն ստորագրվի սովորական հայտարարություն, որը իրավական որևէ ուժ չունի։
Մեզ հաջողվեց մեկ գաղափարի ներքո հավաքել մի քանի հազար մարդու և ամբողջ հայկական հանրության մեջ՝ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում, նորից հույս արթնացնել։
Մենք իրավունք չունենք հուսախաբ անել մարդկանց։
Ազատագրական շարժումը պայքարի երկրորդ փուլում տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ քննարկելու է համախմբման հնարավորությունները, որպեսզի կարողանանք ավելի ուժեղ հարված տալ ներքին ու արտաքին թշնամուն՝ ոտքի հանելով ամբողջ հայությանը։
Մենք վստահ ենք դրանում։ Նահանջել չկա․․․»: