00:00:00

Այժմ պատերազմը Հայաստանի տարածքում է. այնտեղ բավական կլինի ռուսական բազայի անձնակազմը, եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ և պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին. քաղաքագետ

19:59, 17 նոյեմբեր 2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումներն ավարտվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ ունեցավ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Այս մասին գրում է Свободная Пресса-ն՝ անդրադառնալով զինված դիմակայության հետագա զարգացումների հնարավոր տարբերակներին: Պարբերականի հետ զրույցում ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության բաժնի դոցենտ Գևորգ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ սահմանային լարվածությունը կարող է հանգեցնել պատերազմի: «Հարցն այստեղ ադրբեջանական ղեկավարության տրամադրվածությունն է: Բաքվում դասական գլխապտույտ է տեղի ունեցել հաջողություններից: Թուրքերի, սիրիացի ահաբեկիչների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի «անատամության» օգնությամբ հաղթելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում՝ Իլհամ Ալիևը կարծում է, թե կարող է ավելին ստանալ, քան Ղարաբաղի մի հատվածն է: Նա սկսել է հավակնել հենց Հայաստանի տարածքին և նույնիսկ զորքեր է մտցրել այնտեղ՝ օգտվելով Փաշինյանի այն նույն «անատամությունից»: Հետևաբար, այսօրվա դրությամբ հայերի համբերության բաժակը լցվել է, և մարտական գործողություններ են սկսվել»,- նշում է Միրզոյանը: Անդրադառնալով «հայրենիքը պաշտպանելուն» պատրաստ լինելու Փաշինյանի կոչերին՝ փորձագետը նշել է հետևյալը. «Փաշինյանը հասկանում է, որ հայկական տարածքի անեքսիան կհարվածի իր քաղաքական հեռանկարներին: Չէ՞ որ մի բան է հանձնել Ղարաբաղը, որը հայ հասարակության մի մասն, այնուամենայնիվ, մի քիչ օտար է համարում, այլ բան է Ադրբեջանին տալ հայկական պետության մի մասը: Եվ եթե Փաշինյանը, թեկուզ և Ռուսաստանի օգնությամբ, կարողանա պահպանել այդ տարածքը, նրա վարկանիշն իրականում կբարձրանա»: Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է պատերազմի Միրզոյանն ասել է. «Հայաստանը պատերազմին  պատրաստ է, սակայն հարց է՝ պատրաստ է արդյոք Փաշինյանը»: «Չէ՞ որ խոսքն անպայմանորեն Ադրբեջանի դեմ ռազմական հաղթանակի մասին է, ինչը ոչ միայն կսթափեցնի Ալիևին, այլև կոգեշնչի Ռուսաստանին հակամարտությանը ներգրավվել ՀԱՊԿ-ի դաշնակցի կողմից: Ներգրավվել, հիշեցնեմ, կարելի է և պետք է միայն այն դեպքում, եթե Մոսկվան վստահ լինի, որ Երևանը չի գործի իր մեջքի հետևում և չի դավաճանի: Պուտինը չի կարող և չպետք է լինի ավելի մեծ հայ վարչապետ, քան հայ վարչապետն է»,- եզրակացնում է մասնագետը: Անդրադառնալով խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին զրույցներին՝ Միրզոյանը նշել է, որ դա նպատակահարմար չի լինի: «Խաղաղապահ առաքելության ընդլայնում այլ երկրների հաշվին չի լինի: Ո՞ւմ պետք է այնտեղ ուղարկեն՝ ռուսներին օգնելու. թուրքերի՞ն, թե՞ ֆրանսիացիներին: Ուժերը բավարարում են: Մանդատը չի բավարարում. այն համաձայնեցված չէ, այդ իսկ պատճառով խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գտնվում են ժամանակավոր՝ առանց հիմնավոր դրույթների: Բացի այդ, ռուսական ղեկավարության մոտ պակասում է ըմբռնումն այն հաշվով, որ Ադրբեջանի ռազմական սադրանքները Ղարաբաղում հարվածում են ռուսական շահերին: Նաև չի բավարարում նորմալ ռուսամետ կառավարությունը Հայաստանում»,- ասել է պարբերականի զրուցակիցը: «Սակայն դա Ղարաբաղն է: Այժմ պատերազմ է ընթանում Հայաստանի տարածքում: Իսկ այնտեղ բավական կլինի ռուսական ռազմաբազայի անձնակազմը: Եթե, իհարկե, Փաշինյանը դադարի խաղալ և պաշտոնապես դիմում ներկայացնի ՀԱՊԿ-ին»,- շեշտում է քաղաքագետը: Պարբերականի հետ զրույցում Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը վստահություն է հայտնել, որ «ամենայն հավանականությամբ, դեռևս նույնպիսի մասշտաբային ռազմական գործողություններ, ինչպես 2020 թվականի աշնանը, տարածաշրջանում տեղի չեն ունենա»: Փորձագետը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանը կամ Թուրքիան պատրաստ են միջամտել նոր պատերազմին, եթե այն բռնկվի: «Դժվար թե հիմա ռուս զինվորականներին ուղարկեն համակարտության մասնակցելու: Ավելի շուտ, Ռուսաստանը այնպիսի գործիքներ կգործարկի, որոնք չեն ենթադրում զինվորականների մասնակցությունը գործողություններում, որպեսզի կանգնեցնի հակամարտության հետագա սրումը: Թուրքիային ևս այս պահին ձեռնտու չէ լիակատար ներգրավվածությունն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանը, հատկապես՝ հաշվի առնելով Անկարայի ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակի նկատմամբ: Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս հենց Սիրիայում տիրող իրավիճակին է զգալի ուշադրություն դարձվել Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարարա Հուսուլի Աքարի հանդիպմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր