Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին, մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, ճանապարհների վրա նրանց վերահսկողության սահմանումը խոսում է այն մասին, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման պրոցես։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել առկա պայմանավորվածությունների մասին։ Ինչո՞ւ ասել նախօրոք, եթե կարելի է հրամցնել կայացած փաստը։

«Բունկերային քաղաքականությունը» շարունակվում է։ Ամբողջական գյուղեր հայտնվել են մեկուսացման մեջ, կարևոր ճանապարհներ են փակվել։ Այս պայմաններում իշխանությունը բունկերում է՝ չկա, չի խոսում ժողովրդի հետ, չի տալիս բացատրություններ, պարզաբանումներ։

Նման պայմաններում ընթացող ՏԻՄ ընտրությունները տալիս են հետաքրքիր պատկեր։ Կապանում, որտեղ, որպես կայացած փաստ արձանագրվել է կենսական սպառնալիքը, Նիկոլի ՔՊ-ն պարտվում է, որովհետև մարդիկ փաստացի, իրենց աչքերով տեսնում են սպառնալիքը։

Իջևանում, որտեղ սպառնալիքը այս պահին չկա, թեև տեսանելի ապագայում գալու է, հաղթում է Նիկոլի ՔՊ-ն։

Կիրանց փոքր գյուղում ՔՊ-ն ստացել է 144 ձայն և փառահեղ հաղթել։

Հաջորդ ադրբեջանական մաքսատներից մեկը (համենայնդեպս ըստ՝  Google-ի) կարող է լինել Կիրանցում՝ փակելով գյուղի ճանապարհը։

Այս կոնկրետ պահին մաքսակետը դեռ չկա, և Կիրանցը քվեարկում է՝ հայրենակցական հոգեբանությամբ. մեր տղեն ա, մեր իջևանցին ա, մեր քոլից ա։ 21-րդ դարում պետության և սեփական անվտանգության մասին նման պատկերացումների դեպքում տրամաբանական շարունակությունը առաջիկայում լինելու է՝ մեր մաքսակետից ա, մեր նայող թուրքն ա, մեր աղան ա և այլն։

Հայացք կողքից

Հայաստանն այս պահին կիսապետություն է՝ դիմադրողականության խիստ ցածր ցուցանիշներով։ Եվ որպես այդպիսին՝ կանգնած է  բավական ագրեսիվ երկու լուրջ պետությունների՝ ադրբեջանա-թուրքական ճնշման տակ։

Ունենք «դաչաների իշխանություն», որն ապրում է բացառապես իր համար, չի խոսում սեփական ժողովրդի հետ և չունի պատկերացումներ՝ հետագա կորուստները կանխելու համար։ Ունենք հասարակություն, որը բոլոր հնարավոր ձևերով փորձում է օտարանալ պետությունից։

Այս պայմաններում տեղի է ունենում պետականության սրընթաց և ինստիտուցիոնալ դեգրադացիա։

Մեր առաջ կանգնած խնդիրը շատ ավելի խորն է։ Եվ Հայաստանում այսօր չկա որևէ ձևաչափ, որը կարող է ամբողջությամբ գնահատել վիճակը և, լուծումներ առաջարկելով, փոխել վիճակը։ Խնդրի բարդությունը պարտադրում է ռեսուրսների կոնսոլիդացիային ուղղված քայլեր, ձևակերպումների և գործելաոճի  նկատելի վերանայում։ Հրատապ խնդիր է միջընտրազանգվածային երկխոսություն սկսելը։ Հունիսին ՔՊ ընտրած 680 հազարը մեր հայրենակիցներն են, և իրենք այսօր իրենց աչքերով տեսնում են պետության կազմաքանդումը, և նրանցից շատերն արդեն գիտակցում են վտանգի չափերը։ Վտանգն ընդհանուր է՝ բոլոր ընտրազանգվածների համար։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչ են այս պայմաններում մտածում և առաջարկում նրանք։ Այնպես, ինչպես ընտրություններին տանը մնացած 800 հազարը։