00:00:00

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

21:24, 13 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Մանուչարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել, թեև Մանուչարյանի կալանավորման հիմքում դրվել էր գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, քանի որ քրեական գործով դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնք պետք է հարցաքննվեին։ «Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի այդ ձևակերպումն իրականության հետ որևէ աղերս չուներ, որովհետև, եթե անձին կալանավորում ես այն պնդմամբ, որ դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնց նկատմամբ կարող են ապօրինի ազդեցություն գործադրել և երկու օր հետո նախաքննության ավարտի մասին է հայտարարվում, ուրեմն այդ վկաներն ի սկզբանե չեն եղել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ հարցը բարձրացրել է դատական նիստի ընթացքում, սակայն դատավորը չի ցանկացել հասկանալ դա։ Բացի այդ, պարզվում է Մանուչարյանին մեղսագրվող արարքի դրվագներից մեկով վաղեմության ժամկետներն անցել են։ Կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի շրջանակներում պաշտպանության կողմը նաև բարձրացրել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հարցը՝ նշելով, որ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցել են, ապա անձին կալանավորելու որոշում չի կարող կայացվել. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ՝ վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով, մինչդեռ, այս դեպքում, եթե անցել է վաղեմության ժամկետները, նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում անձը քրեական պատասխանատվությունից ազատվելու է, հետևաբար, դատավճռի կատարման ապահովման խնդիր երբևէ չի կարող առաջանալ։ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում գրել է, որ կալանավորման հարցը քննելիս դատարանները պետք է անդրադառնան, թե արդյո՞ք առերևույթ առկա են քրեական վարույթը բացառող հանգամանքներ, թե ոչ, որն, ըստ պաշտպանի, այս դեպքում առկա է եղել, սակայն առաջին ատյանի դատարանն այդ հանգամանքին ընդհանրապես չի անդրադարձել, ընդհակառակը՝ նշել է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ չկան։ Մանուչարյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի դրվագներից մեկով պաշտպանության կողմը համաձայն չէ որակման հետ։ Մասնավորապես, Թամրազյանը նշեց, որ մեղադրանքում նկարագրված արարքը, փաստերն, առերևույթ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի դիսպոզիցիային, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, որի վրա դրված է իրավական ակտերով պարտականություն՝ ապօրինի հողօգտագործման կամ առանց թույլտվության շինարարության կառուցումը կասեցնելու վերաբերյալ, դիտավորյալ նման գործողություններ չի կատարել։ Մանուչարյանին առաջադրված մեղադրանքում, որը որակվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով, նկարագրվել է, որ ինքն իմացել է, որ իր որդին առանց շինարարական թույլտվության իբրև թե շինարարություն է իրականացնում, այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքում և միջոցներ չի ձեռնարկել։ Պաշտպանը գտնում է, որ արարքի որակումը սխալ է կատարվել, որ Մանուչարյանին մեղսագրվի ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ՝ միջին ծանրության հանցագործություն, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանավորումը։ Ինչ վերաբերում է իրականացված շինարարությանը, պաշտպանը նշեց, որ Մանուչարյանի որդին ունի 1500 մ-ից ավել սեփական հող ունի, որը գնել է մասնավոր անձից, հողի սահմանագծով շինարարություն է իրականացվել, սակայն, քանի որ տարածքի ռելիեֆը հարթ չէ, հնարավոր չէր տեսնել, որ սահմանը կարող էր հատվել, ընդամենը 42 մ-ի մասին է խոսքը։ Կառավարության որոշման համաձայն՝ օրենքով սահմանված կարգով կառույցն դարձել է համայնքի սեփականությունը, վաճառվել է Մանուչարյանի որդուն, պետական բյուջե վճարել օրենքով սահմանված գումարը։ Իսկ ինչ վերաբերում է առանց շինթույլտվության վճարմանը, ապա խոսքը 15.000 դրամ վճարել-չվճարելու մասին է, մարդն անզգուշությամբ է մտել համայնքային հող և դա համայնքին չէր կարող պատճառել օրինական շահերին, հանրորեն վտանգավոր հետևանք չկա։ Հատկանշական է, որ քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Մանուչարյանը, հարուցվել է տարիներ առաջ։ Խոսքը երկու քրեական գործերի մնասին է, որոնք միացվել են մեկ վարույթում։ Դրանցից մեկը հարուցվել է 2018 թվականին ՝ համայնքի ղեկավարի կողմից ծխախոտի արտադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների տարածքները ճիշտ չչափելու դեպքի առթիվ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, մյուս գործը հարուցվել է՝ տարեց տղամարդու հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ համայնքում չարաշահումների վերաբերյալ։ Պաշտպանը հայտնեց, որ փաստերը, որոնց հիման վրա Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել, իրենց մեջ չեն ներառում նշված փաստերը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ այս տարիների ընթացքում Մանուչարյանը մի քանի անգամ հարցաքննվել է, նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, թեև պաշտպանության կողմը միջնորդել էր, որ Մանուչարյանն առերես հարցաքննվի իր դեմ ցուցմունք տված անձանց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր