00:00:00

«Սևակս ծնվել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը… Դավիթը չհասցրեց իմանալ, որ մեր տղան ծնվել է». զոհված սպայի կնոջ պատմությունը

03:19, 12 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

«Դավիթը հետախուզական վաշտի հրամանատար էր, պատերազմից 2 ամիս առաջ կապիտանի կոչում էր ստացել: Երբ պատերազմը սկսվեց, ես Սևակովս  հղի էի… Դավիթը Ջրականում էր կռվում, հոկտեմբերի 2-ից տեղափոխել էին Ջրական: Ամուսինս  գրեթե ամեն օր զանգում էր, բայց քանի որ հղի էի, ամեն ինչ չէ, որ ասում էր ինձ, ես էլ աշխատում էի շատ հարցեր չտալ: Դավիթը հավատում էր, որ մենք հաղթելու ենք…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված 27-ամյա կապիտան Դավիթ Գրիգորյանի կինը՝ Հասմիկ Մելքոնյանը: «Սևակս ծնվել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը… Դավիթը չհասցրեց իմանալ, որ մեր տղան ծնվել է: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 9-ին, բայց փաստաթղթերում նշվում է հոկտեմբերի 10-ին: Տղես իր պապային չտեսավ, իսկ Դավիթն էլ չհասցրեց իմանալ որդու ծնվելու լուրը: Սևակիս անունը Դավիթի հոր անունն ենք դրել, Սևակս արդեն 1 տարեկան 1 ամսական է… շատ բան դեռ չի հասկանում, բայց հենց մեծանա, կհասկանա, որ իր հայրը հերոս է, իր հայրը հանուն ինչի է զոհվել:
Դավիթը շատ էր սիրում հայրենիքը և Հայաստանի ամեն անկյունը. երբ ունենում էր ազատ ժամանակ, շրջում էր Հայաստանով մեկ։ Դավիթի  համար կարևոր էր մեր ժողովրդի շարունակականությունը, և դրա պահպանման ուղիներից մեկը մեր հայրենիքի պաշտպանությունն է»,- շարունակում է հերոսի կինը՝ Հասմիկ Մելքոնյանը: Դավիթ Սևակի Գրիգորյանը ծնվել է 1994թ.-ի հուլիսի 9-ին Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, 2016թ.-ից անցել է ծառայության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի զորամասում: Պատերազմի առաջին օրերից տեղափոխել են Արցախ, կռվել է Ջրականում: Զոհվել է հոկտեմբերի 9-ին. իր վրա վերցնելով հարվածը՝ փրկել է իր զինվորների կյանքը: «Առանձնահատուկ բնավորություն ուներ Դավիթը,  շատ պարտաճանաչ էր,  զսպված, երբեմն նաև խիստ՝ աշխատավայրում, իսկ ընտանիքում հանգիստ էր և համբերատար: Մինչև պատերազմը ես ունեի ընտանիք, հենարան, տուն, իսկ պատերազմից հետո որդի,  որին պիտի մեծացնեմ ու դաստիարակեմ այնպես, ինչպես Դավիթը կուզեր: Պատերազմից հետո իմ ապրելու միակ իմաստը մեր տղան է, որ երբ նայում է աչքերիդ մեջ, հասկանում ես, որ չէ, դու թուլանալու տեղ չունես, հետքայլ չկա, դու հասկանում ես, որ էս կյանքի հետ քո պատերազմը դեռ չի վերջացել: Ես Հերոսի որդու մամա եմ, և դա նշանակում է ապրել ապրեցնելու համար»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված կապիտան Դավիթ Գրիգորյանի կինը՝ Հասմիկ Մելքոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր