ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում հանդես է եկել ելույթով։

Ելույթը՝ ստորև․

«Հարգելի նախագահ, գործընկերներ, Մեր օրակարգի հիմնական սևեռումը Աֆղանստանն է, և, իրավամբ, տարածաշրջանում հետագա նոր առճակատումները կանխելու և երկարատև լուծումների հասնելու համար անհետաձգելի գործողություններ և որոշումներ են անհրաժեշտ։ Սակայն պիտի նշեմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները նույնքան կարևոր են և դրանք պահանջում են հավասարակշռված որոշումներ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների վրա։

ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և կայունության հարցերով զբաղվող և պատասխանատու կազմակերպության ուշադրությունն եմ ուզում բևեռել Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող նոր իրողությունների վրա։ Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած ագրեսիային, ուր Թուրքիան անմիջական մասնակից էր և հովանավորում էր միջազգային ահաբեկիչների։

Խախտելով միջազգային օրենքներ և մարդու իրավունքներ՝ ադրբեջանական բանակի կողմից իրականացվեցին սարսափելի հանցագործություններ, կիրառելով քիմիական զենք, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ավերելով և ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասեցրեց ագրեսիան, սակայն անվտանգության հարցերը շարունակում են մնալ չլուծված։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, ավելին, արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանական զորքերը՝ խախտելով ՀՀ պետական սահմանները՝ օկուպացրել են Հայաստանի տարածքներ։ Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած գործողությունները։

Մենք նաև նախազգուշացրել էինք ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին, որ, եթե չկարողանանք այս խնդրին ճիշտ և համակողմանի անդրադառնալ, ապա մենք կունենանք օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման ավելի ու ավելի շատ դեպքեր, իսկ ԵԱՀԿ տարածքում վերջիններս կդառնան իշխանություն ձևավորելու և քաղաքական նպատակներ հետապնդելու միջոց: Աֆղանստանի օրինակը շատ խոսուն է։

Ի վերջո, շեշտելով և վերահաստատելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական ճանապարհով։

ԼՂ հակամարտությունը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իր արդար հանգուցալուծմանը՝ որը պետք է հենվի Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման վրա, ներառի տեղահանված բնակչության երաշխավորված և անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պահպանումը: Տիկնայք և պարոնայք, մենք կարող ենք կանխել ապագա բռնություններն ու հանցագործությունները, եթե այսօր իսկ պայքարենք դրանց դեմ»։