Հրապարակվել են կարևորագույն փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից: Դրանք ներկայացնում է iLur.am-ը:

«Սույն հրապարակման առիթը Վահրամ Աթանեսյանի այսօրվա ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է.

«Հայկական ներքաղաքական կլոունադայի դիմակավորված և անդիմակ դերակատարներին. վերջ տվեք պաթետիկային և լացուկոծին: Ապրիլյան քառօրյայից հետո բոլորդ էլ գիտեիք, որ ցանկացած պահի պատերազմ կարող է սկսվել, ելքն էլ ողբերգական է լինելու և փարիսեցիաբար լռում էիք: Միակը, ով ժողովրդին և իշխանությանը սթափության կոչ և հորդոր էր անում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Եվ բոլորով այնպես արեցիք, որ ՀԱԿ-ը 2017-ին Ազգային ժողովում ներկայացված չլինի: Նույնը՝ վերջին ընտրությունների քարոզարշավին, բոլորդ դեմ էիք ողջախոհությանը, պրագմատիզմին և պետական արժանապատվությանը: Այնպես որ՝ «որոճա քո բաժին խոտը, մինչև կբացվի առավոտը»՝ ձեր մասին է ասված»:

Հարկ է նշել, սակայն, որ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նույնիսկ ապրիլյան պատերազմից շուրջ կես տարի առաջ՝ 2015 թվականի նոյեմբերի 26-ին հրապարակված «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն» հոդվածում, որում մասնավորապես ասված է. «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թեւակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարեւելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը եւ սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատեւ ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արեւելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

Այդ երկրամասերից մեկը, գուցեեւ ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն։

Ինչեւէ, Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն եւ պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, ինչպես տեսանք, ռեժիմը տոգորված է ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որեւէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել։

Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից։

Պետական այրը երբեւէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր՝ կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը։ Այսօր, ահա, այդպիսի բախտորոշ պահերից մեկն է, քանի որ հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետեւանքներով։

Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացվեց թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման լուրը, որը գալիս է ապացուցելու, թե դեռեւս ինչպիսի վտանգավոր բարդացումներ են սպասվում Ուկրաինայի եւ Սիրիայի իրադարձություններով վերսկսված սառը պատերազմի մերձավորարեւելյան թատերաբեմում՝ բարդացումներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող շրջանցել Հայաստանը։ Նման իրավիճակում սահմանադրական հանրաքվեի անցկացումը ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքից անհնար է տարբերել»:

Նախագահ Տեր-Պետրոսյանն այնքան էր անհանգստացած իրադարձությունների նման զարգացումից, որ չբավարարվելով այս հրապարակմամբ՝ երկու օր անց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին է ուղարկել հետևյալ նամակը.

«28.11.2015թ. Գագիկ Հարությունյանին. Գագիկ, վստահ եմ, որ ուշադիր ընթերցել ես նոյեմբերի 26-ի իմ հոդվածը, այդ պատճառով չեմ ուզում կրկնել նրանում արտահայտած մտահոգություններս։ Հուսով եմ, չես կասկածում, որ դրանք անկեղծ են և որևէ քաղաական շահ չեն հետապնդում։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, որ խուճապ չառաջացնելու ու Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների տեղիք չտալու նկատառումներով, իրավիճակի պարունակած որոշ այլ վտանգների մասին լռել եմ։ Դրանցից ես կառանձնացնեի հետևյալ երեքը․

1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։

2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։

3, Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում։

Ինչպես նշել էի իմ հոդվածում, ամենևին չեմ կասկածում, որ Սերժը հստակ գիտակցում է այս վտանգները։ Ավելին, ամեն ինչ ինձնից էլ լավ է պատկերացնում, քանի որ պաշտոնի բերումով շատ ավելի տեղեկացված է, քան ես։ Ինչ վերաբերում է նրա շրջապատին, ապա քեզնից բացի այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է նրա հետ լրջորեն խորհրդակցել այս հարցերի շուրջ։ Ուստի, խնդրում եմ, նրա ուշադրությունը հրավիրել հանրաքվեի հետաձգման (շեշտեմ՝ հետաձգման, այլ ոչ թե չեղյալ հայտարարելու) նպատակահարմարության վրա, որն իմ կարծիքով հեշտությամբ հիմնավորելի ու հրաշալի ելք է ներքաղաքական լարվածության ստեղծված անպատեհ իրավիճակից։ Համոզված եմ, որ այդ քայլը կդիտվի ոչ թե որպես իշխանության թուլության, այլ հակառակը, ողջախոհության արտահայտություն։ Համենայն դեպս, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ դա այլ կերպ չգնահատվի։

Լևոն Տեր-Պետրոսյան

Հ․Գ․ Նամակս կարող ես ցույց տալ Սերժին»:

Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը՝ Գագիկ Հարությունյանին․ 28․11․2015թ․

 

Մի քանի օր անց ստացվել է Գագիկ Հարությունյանի պատասխան նամակը.

«Լևոն բարև, ես խոսեցի։ Սերժը ծանոթացավ նաև նամակին։ Մտահոգություններդ հիմքեր ունեն։ Սակայն հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է։

Ներքին լարվածության վտանգավոր զարգացումները երկու պատճառ ունեն։ Նախ՝ քաղաքական ու տարբեր ներազդեցություններով պայմանավորված, երկրորդ՝ հնարավոր օբյեկտիվ ընդվզում՝ հանրաքվեի ժամանակ լուրջ ու կազմակերպված անօրինականությունների պատճառով։

Նախագահը նույնպես գտնում է, որ երկու հանգամանքն էլ պետք է բացառել ու կարևորում է նաև քո դերակատարությունը (առաջին հանգամանքի առումով)։ Կարևորում է նաև, որ չպետք է հանրաքվեն անցկացվի «ամեն գնով» տարբերակով և գործնականում պետք է հասնել դրա բացառմանը։ Իմ ներկայությամբ է դա բարձրաձայնվել։ Սա է իր հստակ մոտեցումը։

Գագիկ Հարությունյան, 01․12․2015թ»:

Նամակների պատճենները խմբագրությանն են տրամադրվել ՀՀ Առաջին նախագահի արխիվի կողմից»։