Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որով պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
«Հավաքի ընթացքում ներկայացվեց հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ։ Ցույցի մասնակիցներին էին միացել ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ:
Ցուցարարների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «Քեզ տանելն անտանելի է Տարոն», «Տարոնի ավագանու դեմն առնենք», «Սերժը հեռացավ, փասա-փուսեն մոռացավ», «Հանրային տրանսպորտ, հանրային կառավարում», «քաղաքը Տարոն է մերժում»:
Երեւանում՝ Տարոն Մարգարյանի կառավարման օրվանից սկսած խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ ավելի են խորանում: Բացի այդ մեկ անգամ չէ, որ խոսվել է Մարգարյանի ահռելի ունեցվածք մասին, որը նա կուտակել է տարիների ընթացքում: Քաղաքաետարանի ճոխ ծախսերի մասին եւս մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Քաղաքային իշխանությունը մշտապես կտրված է եղել հանրությունից եւ որեւէ կերպ հաշվետու չի եղել նրա առաջ: Մարգարյան Տարոնը երբեք խորհրդարանում քաղաքի բյուջեի ծախսի մասին անձամբ հաշվետվություն չի ներկայացրել:
Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո՝ միասին մոտ 600 հազար դոլար: Բացի այդ, նա հայտարարագրել է մեծ թվով անշարժ և շարժական գույք: Երեւանում՝ Թումանյան փողոցում, ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ՝ 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ՝ Աճառյան փողոցում՝ 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում՝ 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ:
Ի դեպ, 2013թ. Մարգարյանը հայտարարագրել էր ամառանոց Դիլիջանում, որը հետո վաճառել է: Նա վաճառել է նաեւ երկու մեքենա՝ «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց»: Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում:
Սակայն հրապարակումների համաձայն Երևանի քաղաքապետն իրականում ունի շատ ավելի մեծ՝ չհայտարարագրված հարստություն:
Մասնավորապես, Տարոն Մարգարյանին է պատկանում
- Արմավիրում՝ 60 հա այգի
- Մասիսում՝ 12 հա այգի և պահածոների գործարան
- Երևանի Կրկեսի շենքը
- Փամփուշտների գործարան՝ 50 տոկոս փայաբաժին
- «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի հսկայական խանութ
- Z տաքսի ծառայությունը
- «Միլենա» տաքսի ծառայությունը
- Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածք, որն այժմ տրված է SAS-ին
- Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ
- «Բունար» գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի մոտ 50 վահանակ ու պետական բյուջե որևէ հարկ չի մուծում
- Մետրոյի կայարանների անցումներում՝ կրպակներ