ունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ղեկավար Վազգեն Ադամյանը համայնքում գործող Էդիկ Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցը, որը ստեղծվել է 1977 թվականին եւ ներկայումս ունի մոտ 100 աշակերտ, փորձում է դարձնել սեփական տնօրինման հաստատություն: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց դպրոցի արդեն նախկին տնօրենի դուստրը՝ Հասմիկ Ղուլյանը:
Նա պատմեց, որ հոր մահվանից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել մայրը, ով եւս իր հերթին շարունակել է նպաստը բերել կրթօջախի զարգացմանը: «Ոչ մի քաղաքապետ չէր ցանկանում գումար ծախսեր գեղարվեստի դպրոցի համար: Մայրս դարձավ ՀՀԿ-ի անդամ, որ գոնե լծակներ ունենար այդ դպրոցը պահեր: Որեւէ արատավոր բան դպրոցում չի եղել, ասենք դրամահավաք, անգամ ինքը ուսուցիչներին է հորդորել, որ դասերից դուրս վճարովի ծառայություններ չմատուցեն: Սակայն նոր համայնքապետը, ով գիտենք թե ինչպես է ընտրվել, մի մասին վախեցնելով, մի մասին կաշառելով: Մայրս հանձնաժողովի նախագահն էր, եւ դա դուր չի գալիս Վ. Ադամյանին: Ընտրվելուց հետո սկսվում է հալածանքները: Դիմում գրի, դուրս արի եւ այլն»,- պատմեց Հասմիկ Ղուլյանը:
Համայնքապետը սեփական նախաձեռնությամբ փոխել է դպրոցի փականը, եւ ստիպել է տնօրենին ազատման դիմում գրել: Այս պահին գեղարվեստի դպրոցը տնօրեն չունի: Նշանակված է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Մարդուն բռնի գործից հեռացրել են: Այդ դպրոցը, որ այսօր մարզի ու համայնքի պատիվն է, մեր ընտանիքի շնորհիվ է հասել այդ վիճակին»,- ասաց Հասմիկ Ղուլյանը:
Նա բազմաթիվ դիմումներ է հասցեագրել ՄԻՊ-ին, Ոստիկանությանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին: Սակայն որեւէ արձագանք չի եղել:
«Ընտրվել է մի համայնքապետ, որը համարում է, որ այդ սարն իմն է, էս ծառն իմն է: Նա շատերին է ստիպել աշխատանքից հեռանալ, որովետեւ իր թիմակիցներին աշխատանքի տեղավորելու խնդիր ունի»,- ասաց Հասմիկ Ղուլյանը: Վերջինիս խոսքով՝ համայնքապետը վախի մթնոլորտի մեջ է պահում համայնքի բնակիչներին:
Հավելենք, որ Ճամբարակի քաղաքապետի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն պատրաստ ենք ներկայացնել նաեւ վերջինիս տեսակետը:
Irakanum.am