00:00:00

Շնորհակալ ենք ձեր բացառիկ նվիրումի համար. փրկված զինվորի մայրը՝ փրկարարներին

20:41, 30 հոկտեմբեր 2021

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է փրկված զինվորի մոր՝ Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը Փրկարարին. «Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող: Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք: Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու: 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդուց՝ Արթուր Հարությունյանից, վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում: Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք: Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը: Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս: Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը: Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրաստակամություն և հույս էինք տեսնում: Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգատարության համար: Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր