00:00:00

Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհները վերականգնվում են նոր տեխնոլոգիայով (Տեսանյութ)

15:44, 10 մայիս 2018 Հասարակություն

Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների բնակիչները երկար տարիներ հույսով սպասել են, թե երբ վերջապես իրենց ճանապարհներն էլ կբարեկարգվեն։ Խոստումներ շատ են եղել, բայց գործն այդպես էլ տեղից չի շարժվել։ 2017թ. այս համայնքներ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի այցի ընթացքում, երբ գյուղացիներին տեղեկացվեց, որ ճանապարհն ընդգրկված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում, ընդունվեց թերհավատությամբ։ Հիմա արդեն բոլոր կասկածները փարատվել են։ Շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին այս ճանապարհահատված հերթական անգամ այցելած նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, նշեցին, որ շատ մեծ  հույսեր ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղում շատ բան կփոխվի դեպի լավը։ Հիմնանորոգման աշխատանքներն առավելագույնս արագ ավարտելու նպատակով շինարարությունն ընթանում է միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից և վերջից։ Ճանապարհի վերականգնման աշխատանքներում կիրառվում է նոր տեխնոլոգիա։ Շինարարությունն իրականացնող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության ղեկավար Արմեն Բադալյանը նշեց, որ հողը հարթեցնող մեքենայի վրա տեղադրված է «GPS» համակարգ, որում ներդրված է տվյալ ճանապարհատվածի շինարարական նախագիծը: Ավտոմատ կառավարվելով՝ մեքենան հողի գրունտը հավասարեցնում է անհրաժեշտ բարձրությամբ և ապահովում նախագծում սահմանված ճանապարհի հարթությունն ու թեքությունը։ Սա ոչ միայն դյուրացնում է աշխատանքը, այլև երաշխավորում առավելագույն բարձր որակ։ Բացի ասֆալտապատումից, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ, իսկ գյուղամիջյան հատվածներում՝ նաև մայթեր, գյուղտեխնիկայի անցումներ։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով և անվտանգության տարրերով։ Կարմրաշենցիները ևս մեծ ակնկալիքներ ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղի կյանքը էապես կբարելավվի, գյուղը տեսքի կգա։ Համայնքի բնակիչները նախարարի պաշտոնակատարին խնդրեցին հնարավորության սահմաններում ևս մեկ խնդրի լուծում տալ։ Նշվեց, որ գյուղամիջյան ճանապարհի կենտրոնով է անցնում տասնամյակներ առաջ կառուցված ջրագիծն ու կոյուղագիծը։ Եթե այն չնորոգվի, վթարի դեպքում կվնասի նորակառույց ճանապարհը։ Շինարարը խոստացավ լուծել նաև 700մ ջրագծի և 300մ կոյուղագծի վերականգնման խնդիրը։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն այս տեղամասում մեկնարկել են 2018թ. մարտի 23-ին, ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 23-ին։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը, սակայն, հնարավորություն կտա բարձր որակ ապահովելով՝ աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետից շուտ։ https://www.youtube.com/watch?v=lCmf-1ikxRk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր