«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։

Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նախարարությունից  հայտնում են, որ յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության, գույների ստացման մասին գիտելիքներ: Բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով քննարկումներ տեղի կունենան մասնագետի հետ: Գործնական հատվածում երեխաները կունենան մագաղաթով, հատուկ ծառատեսակից պատրաստված թղթով աշխատելու հնարավորություն և կգունազարդեն զարդագիր տառը որդան կարմիրից պատրաստված կարմիր ներկով։

Ծրագրի շրջանակում դպրոցներին կտրամադրվի մագաղաթի օրինակ, որը կարող է ծառայել որպես նմուշ՝ դպրոցներում նման վարպետաց դասեր կազմակերպելու ժամանակ։

Նշենք, որ այս վարպետաց դասը նպատակային է նաև ուսուցիչների համար, քանի որ քննարկման ժամանակ մասնագետը անդրադառնում է այն հարցերին և       խնդիրներին, որոնց ուսուցիչները բախվել կամ կարող են բախվել հաղորդումը՝ որպես դասընթացը լրացնող գործիք օգտագործելու դեպքում։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու անցյալի արժեքներին, ուսումնասիրելու հայկական ձեռագրական արվեստը, հայկական մանրանկարչությունն ու ներկերը։