Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, այսօր 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ չորրորդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 101-ը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ անվավեր է ճանաչել մեկ քվեաթերթիկ: Քվեարկությանը չի մասնակցել հինգ պատգամավոր: Irakanum.am-ի ձեռքի տակ է հայտնվել նախագահի ընտրության քվեարկությանը չմասնակցած պատգամավորների ցանկը:
Նշենք, որ իսկզբանե ցանկում եղել է վեց պատգամավորի անուն: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ նիստին մասնակցել է հիմնական գրանցումից հետո, ինչի պատճառով էլ փաստաթղթում նրա անունը ժամը 10:02-ի դրությամբ ընդգրկվել է բացակա պատգամավորների ցանկում: Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ գրանցվել է, եւ օրենքով սահմանված կարգով մասնակցել է քվեարկությանը:
Եվ այսպես ՀՀ չորրորդ նախագահի ընտրությանը չեն մասնակցել «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, համանուն դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը: Մյուս երեք պատգամավորները Ելք դաշինքի պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանն ու Գեւորգ Գորգիսյանն են: Նրանք բացակա են եղել:
Ավելի ուշ Գորգիսյանը եւս գրանցվել է, եւ օրենքով սահմանված կարգով մասնակցել է ընտրությանը:
Փայլակ Ֆահրադյան