00:00:00

«Այդ օրը հոր ծնունդն էր. Կարենս չզանգեց… ու սկսվեցին մեր կյանքի դաժան օրերը»». 19-ամյա հերոսի մոր պատմությունը

02:39, 20 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոսի, ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանի մայրը՝ տիկին Նելլին, այսօր միայն անցած երջանիկ օրերի հուշերով է ապրում: Արցախյան 44-օրյա պատերազմում Ավագյանները կորցրել են իրենց միակ զավակին: Նեղսրտում են իրենց բաժին հասած ցավից, բայց միևնույն է, չեն չարանում «Մեզ համար կյանքը կանգ է առել, մենք Կարենիցս հետո չենք ապրում, ես ուշքի չեմ գալիս… ոչ դուրս եմ գալիս, ոչ մարդկանց հետ եմ շփվում: Իմ տան լույսը մարել է, իսկ մինչև պատերազմը մենք շատ երջանիկ ընտանիք էինք: Պատերազմը մեր կյանքն ու մեր նպատակները փոխեց: Կարենը իմ մինուճար որդին էր… մի ուրիշ բան էր կյանքը Կարենի համար, շատ էր սիրում կյանքը: Բարի էր, կամեցող, բոլորը սիրում էին Կարենին, և չկար մի մարդ, որ չափսոսար Կարենիս համար: Մեքենա վարել էր շատ սիրում, հերիք է մեքենայի բանալիները տայիր, ու աշխարհն իրենն էր դառնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանի մայրը՝ Նելլի Ավագյանը: Կարեն Նորիկի Ավագյանը ընդամենը 2 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ: Զինվորական ծառայությանը նոր-նոր ընտելացած, զենքի հմտություններին ոչ լիարժեք տիրապետող Կարենի և նորակոչիկ ծառայակից ընկերների ուսերին էր դրված ամենաթեժ հատվածներում կռվելու, պայքարելու ու դիրքը պահելու բեռը: Դպրոցն ավարտելուց 6 ամիս անց Կարենը զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականում, պատերազմի ժամանակ կռվել Մարտակերտ, Մատաղիս ուղղություններով: «Պատերազմի օրերին ամեն օր խոսում էինք, այդ օրերին շատ վտանգավոր էր, անընդհատ հեռուստացույցով էլ էին զգուշացնում… ասացինք, որ Կարեն ջան, լավ կլինի, որ օրընդմեջ խոսենք: Կարենս ասաց՝ լավ, մամ ջան, ես օրընդմեջ կզանգեմ, ու հոկտեմբերի 15-ին զանգեց, խոսեցինք… ասաց, որ ամեն ինչ լավ է, որ չանհանգստանամ: Սպասում էի, որ հոկտեմբերի 17-ին կզանգի, այդ օրը հոր ծնունդն էր, ինչ էլ լիներ, կզանգեր: Հոկտեմբերի 17-ն էր, Կարենս չզանգեց, ու այդ օրվանից սկսվեցին մեր կյանքի դաժան օրերը»,- պատմում է հերոսի մայրը: Կարեն Նորիկի Ավագյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 23-ին Էջմիածին քաղաքում: Ժամկետային զինծառայողը հրետանավոր էր, մինչև հոկտեմբերի 17-ը կռվել է Մարտակերտի և Մատաղիսի պաշտպանության համար: Հերոսաբար զոհվել է իր հոր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17-ին Մարտակերտ-Մատաղիս հատվածում թեժ մարտերի ժամանակ: Տիկին Նելլին ասում է՝ որդու սենյակ չի կարողանում մտնել, իրեն մի կերպ տրամադրելով որդու նկարի կողքի ծաղիկների ջուրն է փոխում, որ Կարենի նկարների կողքին միշտ թարմ ծաղիկներ լինեն: «Ես Կարենիս անկողնուն անգամ չեմ կպել, իրեն ոնց բանակ ճանապարհել ենք, էդպես էլ մնացել է, իր դրած ոչ մի բանին ձեռք  չեմ տվել: Ամեն մարդ ինքը գիտի իր ցավը, ինքը գիտի՝ ինչ է զգում… ինչ էլ ասեն, դա չի սփոփում»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոսի մայրը՝ Նելլի Ավագյանը: Անահիտ Չալիկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր