«ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Ի՞նչ տեսակետ ունեք տարածաշրջանում կայունության պահպանման գործում Իրանի դերի մասին» հարցին, ասել է.
«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը: Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի»:
Լրագրողը հիշեցրել է՝ Իրանի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ հենված է տարածաշրջանի գեոպոլիտիկ և աշխարհագրական կարևորության, այլ ոչ տարածաշրջանի էթնիկական և կրոնական հարցերի վրա։ Հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է գնահատում Իրանի այս մոտեցումը, Միրզոյանը պատասխանել է.
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:
Հնագույն քաղաքակրթությունների կրողներին՝ ինչպիսին են Հայաստանը և Իրանը, բնորոշ է կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը»:
Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը «3+3» նախաձեռնության մասին, Միրզոյանը նշել է.
«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.
- Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:
- Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»: